Wednesday, January 25, 2012

Թուրքերը կհեռանա՞ն Ֆրանսիայից

«Լրագիր» 24-1-2012- Այն, որ հայերի ցեղասպանության ժխտման քրեականացումն ավելի շուտ Ֆրանսիայի գործն է, քան Հայաստանի, ավելի ակնհայտ է դառնում: Ինչի՞ է ձգտում Ֆրանսիան: Փորձագետներն արդեն խոսում են, որ Թուրքիային իր տեղն են ցույց տալիս, որը գտնվում է «համաշխարհային կառավարության» սահմաններից դուրս: Վերջին ժամանակներս Թուրքիան չափից դուրս նախաձեռնողական է դարձել՝ սողոսկում է բոլոր հարցերի մեջ, փորձում է միջնորդ դառնալ, եւ չնայած ոչ ոք չի համաձայնում, սակայն թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ Թուրքիան համաշխարհային քաղաքականությունում սկսել է էական դեր խաղալ: Հազիվ թե դա դուրս է գալիս համաշխարհային առաջնորդներին, որոնք չեն ցանկանում կիսել իշխանությունը, այն էլ Թուրքիայի հետ, որն այլ քաղաքակրթական օրենքներով է ապրում: Այլ պատճառ եւս կա, որը թաքնված է արեւմտյան «բազմամշակութայնության» արեւմտյան բարդ հանգույցում: Անցյալ տարի եվրոպական առաջատար պետությունների առաջնորդները հայտարարել են բազմամշակութայնության փլուզման մասին, ընդ որում, նրանց հուզել է ոչ այնքան այն, որ ներգաղթյալները չեն ընդունում տեղական օրենքները եւ արժեքները, որքան այն, որ Եվրոպայում ոչ եվրոպացիների թիվն անընդհատ մեծանում է: Ժողովրդագրական էքսպանսիայի տեմպերն աճում են: Հնարավոր է, ընդունելով օրենքը, Ֆրանսիան հոգու խորքում հույս ունի, որ վրդովված թուրքերը հետ կկանչեն ոչ միայն դեսպանին, այլեւ իրենց բազմաթիվ քաղաքացիներին, ովքեր Ֆրանսիայում եւ Գերմանիայում ապրում են յուրատեսակ գետտոյում: Խոսքը միայն թուրքերի մասին չէ: Դա շատ բարդ գործընթաց է, եւ աշխարհում ունիվերսալ մոտեցումներ չեն մշակվել էթնիկ հարցերի վերաբերյալ: Մինչ այժմ պրոգրեսիվ էր համարվում բազմամշակութայնությունը, այսինքն, բոլոր ժողովուրդների համատեղ գոյակցումը, պայմանով, որ «հյուրերը» կընդունեն «վանքի կանոնները»: Սակայն տարրական քվոտաներ չեն մշակվել, օրինակ, այս կամ այն ազգի ներգաղթի որքան քանակն է ընդունելի եւ որ քանակից սկսած է վերածվում ժողովրդագրական էքսպանսիայի: Այս հարցերը բավական ակտուալ են նաեւ Ռուսաստանում, եւ պատահական չէ, որ Վլադիմիր Պուտինն իր նախընտրական ծրագրում ազգային հարցը գլխավոր է դարձրել: «Իզվեստիայում» տպագրված հոդվածում Պուտինը խոսում է ազգային թեմայով՝ մեղադրելով արեւմտյան «բազմամշակութայիններին» ներգաղթյալներին ձուլելու փորձերում: Ընդ որում, նա նշում է, որ Ռուսաստանի բնակչության 80 տոկոսը ռուս ազգն է կազմում, թերեւս, հայտարարելով, որ ավելի քան 20 տոկոս մյուս ազգություններին չարժե քվոտաներ տալ: Սա, իրոք, շատ բարդ հարց է, որի լուծման համար անհրաժեշտ են ոչ սովորական միջոցառումներ: Իհարկե, կարելի է էթնիկ զտումներ անել, ինչպես ժամանակին արել են Թուրքիան եւ Ադրբեջանը, կարելի է կիրառել «էթնիկ բաժանումը» ռազմական հակամարտությունների ժամանակ, ինչպես, օրինակ, Հայաստանում եւ Ղարաբաղում, որտեղից հեռացել է ողջ թյուրքալեզու բնակչությունը: Կարելի է ապրել նույն քաղաքի տարբեր թաղամասերում, ինչպես տեղի է ունենում Բոսնիայում: Սակայն նման մեթոդներն ամեն տեղ հնարավոր չէ կիրառել: Եվ, դատելով ամենից, բազմամշակութայնությանը նոր գործիքներ են գալիս փոխարինելու: Հայոց ցեղասպանության օրինագծի ընդունումը կարելի է դիտարկել որպես այդ գործիքների առաջին կիրառում: Ի դեպ, արաբական հեղափոխություններից հետո կարծիք է հնչել, որ այդ իրադարձությունները նախաձեռնվում են, որպեսզի Եվրոպայի բազմամիլիոնանոց արաբ բնակչությունը հնարավորություն ստանա հայրենիք վերադառնալ: Սակայն հեղափոխությունից հետո արաբ ներգաղթյալների հոսք չկա: Ըստ ամենայնի, ժողովրդագրական էքսպանսիան, չնայած, որ այդ մասին դեռ բարձրաձայն չի խոսվում, եվրոպական պետությունների եւ նույն Ռուսաստանի համար դառնում է ամենախնդրահարույց հարցը: Նաիրա Հայրումյան

No comments: