Tuesday, January 10, 2012

Շեւարդնաձեն խիստ մտահոգված է, որ «Վրաստանում վրացիները ավելի քիչ են, քան հայերն ու ադրբեջանցիները»

News.am. 10-1-2012- Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն մեծապես անհանգստացած է Վրաստանի ժողովրդագրական դրության կապակցությամբ: Նրա կարծիքով, վրաց ազգը «գտնվում է վերացման ճանապարհին» եւ իշխանությունները ոչինչ «չեն անում» բազմազավակ ընտանիքների ձեւավորումը խրախուսելու համար: Շեւարդնաձեն կարծում է, որ Վրաստանը այժմ գտնվում է այն իրավիճակում, ինչպես անցյալ դարի 30-ական թվականներին, երբ Վրաստանում վրացիները ավելի քիչ են, քան հայերն ու ադրբեջանցիները: «Այն ժամանակ կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարը Քանդիդ Չարկվիանին էր, ով սկսեց աշխատանքներ տանել ազգի ժողովրդագրական իրադրությունը փոխելու ուղղությամբ եւ հաջողություններ է ունեցել, սակայն նրան մեղադրել են ազգայնականության մեջ եւ հեռացրել պաշտոնից: Այժմ իշխանությունների անգործության պայմաններում ազգը գտնվում է վերացման շեմին»,-նշել է նա` հավելելով, որ Վրաստանի իշխանությունները «անգիտակից ձեւով» իրականացնում են «Վրաստանն առանց վրացիների» քաղաքականությունը: Նախկին նախագահը շեշտել է, որ «Վրաստանի հարեւանները բազմանում են եւ չեն տեղավորվում իրենց պետության սահմաններում, արդյունքում սկսում են նվաճել Վրաստանի տարածքը»,-հաղորդում է «Գրուզյա-օնլայնը»: Ստեղծված իրադրության ելքը Շեւարդնաձեն տեսնում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի` իշխանության գալու մեջ: «Նա իսկական վրացի է եւ հոգ կտանի ժողովրդի մասին»,-հայտարարել է Շեւարդնաձեն:

No comments: