Wednesday, January 18, 2012

«ԱՄՆ-ն Իրանին խորհուրդ չի տալիս փակել Հորմուզի նեղուցը». Ուիլյամ Բըրնս

1in.am. 18-1-2012- Ռուսական Коммерсантъ թերթին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսն անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրին և Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած լարվածությանը. «Մենք բազմիցս իրանական իշխանությունների հետ երկխոսություն հաստատելու փորձեր ենք ձեռնարկել։ Սակայն ոչ ոք թող չկասկածի մեր և մյուս երկրների լրջության վրա, որոնք անհրաժեշտ են համարում Հորմուզի նեղուցով ազատ նավարկության ապահովումը։ Մենք և միջազգային հանրությունն ընդհանրապես մտահոգված ենք Հորմուզի նեղուցի հնարավոր փակման վերաբերյալ Իրանի սադրիչ հայտարարություններից։ ԱՄՆ-ն Իրանին խորհուրդ չի տալիս փակել Հորմուզի նեղուցը։ Այդ նեղուցով անցումը երաշխավորված է միջազգային իրավունքով։ Չափազանց անհեթեթ է դրա անտեսումը և նեղուցի փակման վերաբերյալ սպառնալիքներ հնչեցնելը, այն էլ այս պահին, երբ համաշխարհային տնտեսությունն ունի բավական դժվարություններ։ ԱՄՆ-ը Պարսից ծոցում իր դրոշը ծածանել է վերջին 50 տարիների ընթացքում։ Նախորդ շաբաթ մեր նավատորմը ծովահենների գերությունից փրկեց իրանցի ծովայիններին։ Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին՝ թեև այդ հարցում ԱՄՆ-ը և Ռուսաստանը երբեմն ունենում են տարաձայնություններ, սակայն նրանք ունեն ընդհանուր նպատակ. հասնել այդ հարցի բազմակողմ և տևական կարգավորմանը, որը կհաստատի միջազգային վստահությունն Իրանի միջուկային ծրագրի՝ խաղաղ բնույթ կրելու վերաբերյալ։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Ռուսաստանը չեն կարող թույլ տալ, որ Իրանը ստեղծի միջուկային զենք։ Մենք հասկանում ենք, թե դա ինչպիսի վտանգավոր զարգացումներ կառաջացնի տարածաշրջանի անվտանգության համար։ Քանի որ Իրանը հրաժարվում է կատարել իր միջազգային պարտավորությունները, ուստիև նրա նկատմամբ սահմանվել են պատժամիջոցներ։ Դրանք ունեն կոնկրետ նպատակ և Իրանին ցույց են տալիս, որ նա, բացի բանակցային սեղանի շուրջը նստելուց, որևէ այլընտրանք չունի։ Եվ որքան շուտ Իրանը դա անի, այնքան լավ մեզ համար»։ Հիշեցնենք, որ երեկ Բըրնսը Իրանի, ինչպես նաև Սիրիայի հարցերը քննարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

No comments: