Wednesday, January 18, 2012

Հաշիվը միասին է փակվելու

«Լրագիր» 18-1-2012- Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ֆրիդոն Տոդուան հայտարարել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը վաղ թե ուշ կվերականգնեն իրենց տարածքային ամբողջությունն ու կվերադարձնեն “օկուպացված” տարածքները: Վրաստանն իհարկե իրավասու է իր տարածքների մասին մտածել ինչ ուզում է, երազել, կամ ծրագրեր կազմել: Մի խոսքով, դա իր խնդիրն է: Բայց թե ինչու է Վրաստանն իր խորհրդարանի փոխնախագահի մակարդակով միջամտում հայ-ադրբեջանական խնդրին, այն էլ հայերին մեղադրում ադրբեջանցիների հողերը “օկուպացնելու” համար, դա արդեն հարց է: Ի վերջո, գլխավոր հարցն այն է, թե ընդհանրապես ինչ է ուզում այս տարածաշրջանում Վրաստանը: Այդ երկիրն իր նախագահի մակարդակով հայտարարել է, որ ուզում է տարածաշրջանում առաջատար դառնալ: Սահակաշվիլին հայտարարել է նույնիսկ, որ արդեն իսկ Վրաստանն առաջատար է: Իհարկե, որքան էլ տպավորիչ են Վրաստանի բարեփոխումները, այդուհանդերձ միամտություն կլինի կարծել, որ հարավկովկասյան բարդ տնտեսա եւ ռազմաքաղաքական տարածաշրջանում հնարավոր է առաջատարության մասին խոսել ոստիկանության, մաքսային եւ հարկային համակարգերի եւ ասենք քաղաքաշինության ոլորտում բարեփոխումներ արձանագրելով: Դրանք իհարկե կարեւոր ուղղություններ են, սակայն հարավկովկասյան առաջատարությունը մի փոքր այլ, ավելի խորն ու լայն պետական որակներ է պահանջում: Ավելի ճիշտ կլինի ասել, որ Հարավային Կովկասը ներկայում չունի առաջատար, որովհետեւ թե Վրաստանը, թե Հայաստանը եւ թե Ադրբեջանը բավական հեռու են այդ որակներից: Իսկ տարածաշրջանային առաջատարությունը հարաբերական կամ համեմատական հասկացություն չէ՝ ոչ միմյանց, ոչ ժամանակի հանդեպ. Կամ ունես առաջատարի որակները եւ առաջատար ես, կամ դրանք դեռ չկան, եւ առավելագույնը հավակնորդ ես, ինչպես մյուս բոլորը: Հետեւաբար, Վրաստանին անհրաժեշտ է իջնել ամպերից, եթե իհարկե դրանք չունեն ներքաղաքական նշանակություն, եւ տարածաշրջանային երկրների հետ հարաբերվելիս այդուհանդերձ առաջնորդվեն իրատեսականությամբ: Այդ պարագայում, Վրաստանի պաշտոնյաները, թեկուզ խորհրդարանի փոխնախագահի կամ անգամ ինչ որ հանձնաժողովի նախագահի մակարդակով, երեւի թե կզգուշանան հայ-ադրբեջանական խնդրի վերաբերյալ անհարկի եւ մեղմ ասած ոչ կոռեկտ հայտարարություններ անելուց: Միթե պաշտոնական Թբիլիսիին պետք է ստանձնել Բաքվին մխիթարողի դերը, եթե հարկ եղած դեպքում Բաքուն չի էլ մտածելու Թբիլիսիին մխիթարելու մասին: Միթե պաշտոնական Թբիլիսիում կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Ադրբեջանը կարող է իրապես լինել Վրաստանի դաշնակից եւ ունենալ ռազմավարական շահի համընկնումներ: Միթե պաշտոնական Թբիլիսում չկան մարդիկ, ովքեր կպատկերացնեն, որ թուրք-ադրբեջանական տնտեսա-քաղաքական էքսպանսիայի հանդեպ արդյունավետ պաշտպանություն Վրաստանը կարող է կազմակերպել միայն Հայաստանի օժանդակությամբ: Իսկ եթե պաշտոնական Թբիլիսիում չկան մարդիկ, ովքեր պատկերացնում են այդ էքսպանսիայի անխուսափելիությունը, ապա այստեղ արդեն Թբիլիսին ունի թերեւս լուրջ մխիթարության կարիք, եւ ժամանակն է, որ Վրաստանը ներքին կյանքին զուգահեռ բարեփոխի նաեւ իր “վերնախավի” տարածաշրջանային պատկերացումները: Պետք չէ մտածել, որ Հայաստանի գլխի տակ հավերժորեն հնարավոր է փափուկ բարձ դնել հայ-վրացական բարեկամության մասին հավաստիացումներով, իսկ կողքից զուգահեռ սիրաբանել Ադրբեջանի հետ: Սիրաբանել իհարկե կարելի է, եւ դա էլ Վրաստանի գործն է: Բայց պետք չէ սիրաբանել մտածելով, թե վերջում հաշիվը միեւնույն է Հայաստանն է փակելու: Հայաստանի հետ միասին, նաեւ Վրաստանն է ստիպված լինելու վերջում խոշոր “հաշիվ փակել”, իրականում ճաշակած չլինելով ոչ մի բան: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: