Saturday, January 21, 2012

Հայոց ցեղասպանությունը քաղաքական աչքակապության առարկա է դարձել Ֆրանսիայում. Guardian

Tert.am. 21-1-2012- Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունմանն է անդրադարձել նաև բրիտանական հեղինակավոր Guardian պարբերականը։ «Հաջորդ երկուշաբթի Ֆրանսիայի Սենատը պատրաստվում է քվեարկության դնել 1915թ. Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Ֆրանսիայի օրենսդրությամբ ճանաչված մյուս ցեղասպանությունների ժխտումը (Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացվում է Ֆրանսիայում– Tert.am) քրեականացնելու մասին օրինագիծը: Օրինագիծն արդեն իսկ արժանացել է Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի` Ազգային ժողովի հավանությանը,- գրում է պարբերականի հոդվածագիրը և հավելում,- Սենատը պետք է մերժի այդ օրինագիծը` հանուն խոսքի ազատության, պատմական փաստերի ուսումնասիրության ազատության, Մարդու և քաղաքացու իրավունքների մասին 1789թ. շրջադարձային նշանակության ֆրանսիական հռչակագրի 11–րդ հոդվածի («մտքի և կարծիքի ազատ արտահայտումն ամենաարժեքավոր իրավունքներից մեկն է»): «Հարցն այստեղ այն չէ, թե արդյոք հայերի դեմ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին իրականացված վայրագությունները սոսկալի էին, կամ արդյոք դրանք պետք է պահպանվեն թուրքական, կամ եվրոպական հիշողության մեջ. դրանք հիշվել են և պետք է հիշվեն: Հարցն այստեղ այն է, թե Ֆրանսիայի, կամ մեկ այլ երկրի օրենքով պետք է արդյոք հանցագործություն համարվի վիճարկումը, թե այդ զարհուրելի իրադարձություններն արդյոք ցեղասպանություն են հանդիսանում՝ միջազգային իրավունքում առկա համապատասխան տերմինի իմաստով.... և արդյոք Ֆրանսիայի խորհրդարանն իրավասու է դատավորի դերում հանդես գալ աշխարհում տեղի ունեցած պատմական իրադարձությունների հարցում և վճիռներ կայացնի մյուս ժողովուրդների անցյալի արարքների համար։ Պատասխանը մեկն է՝ ոչ և ոչ»,–ասվածէ հոդվածում։ Վերլուծաբանն այնուհետև գրում է, որ օրինագիծը, ընդունվելու դեպքում, քրեականացնելու է ոչ միայն 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտումը, այլև ցեղասպանությանը զոհ դարձած անձանց թվաքանակի նվազեցումը. «Եթե թուրքական կողմը համարում է, որ մոտ 500 000 հայ է զոհվել, իսկ հայկական կողմը՝ 1,5 միլիոն, ապա ինչն է թվաքանակի նվազեցում համարվելու՝ 547 000–ը,–հռետորական հարց է ուղղում հոդվածագիրը և հավելում,–Եվ արդյոք Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ էրդողանը նման «նվազեցման » համար Ֆրանսիա կատարելիք իր հաջորդ այցի ժամանակ պետք է ձերբակալվի (օրինագիծը 45 000 եվրո տուգանք է նախատեսում և մեկ տարվա ազատազրկում)»։ Հոդվածագիրը նշում է, որ օրինագծի ընդունումը «այլ նպատակներ է հետապնդում»։ «Ակնհայտ փոխկապակցվածություն կա Ֆրանսիայի խորհրդարան ներակայացված այդ առաջարկի և այդ երկրում կայանալիք ընտրությունների միջև, որում նշանակալից դեր են խաղալու մոտ կես միլիոն հայ ընտրողները։ 2001թ. Ֆրանսիայի օրենսդրությամբ հայերի հետ կատարվածը ցեղասպանություն ճանաչվեց՝ նախահագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ։ Այս օրենքի նման մի օրենք էլ Ստորին պալատի կողմից ընդունվեց 2006թ. (Վերին պալատի կողմից ավելի ուշ մերժվեց)՝ 2007թ. ընտրությունների նախաշեմին։ Եվ ինչ է տեղի ունենում այս տարի՝ այո, ընտրություններ»,–ասված է հոդվածում։ Վերլուծաբանը հավելում է, որ Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության առաջատար բոլոր ներկայացուցիչներից բոլորը չեն, որ պաշտպանում են իրենց կուսակից ընկերոջ՝ Վալերի Բուայեի կողմից ներկայացված այդ օրինագիծը։ «Արտգործնախարար Ալեն Ժյուպեն դեմ է այդ օրենքին, սակայն այն պատճառով, որ մտահոգություն ունի, թե այդ օրենքը բացասաբար է ազդելու Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերութունների վրա»,–գրում է նա։ «Այն, ինչ պետականորեն հաստատված ճշմարտություն է Ֆրանսիայում, պետականորեն հաստատված սուտ է Ֆրանսիայում....։ Այդ հարցի առնչությամբ Թուրքիայի կառավարության կոշտ արձագանքը կանխատեսելի էր։ Պաշտոնական Անկարան , ի նշան բողոքի, հետ կանչեց իր դեսպանին, իսկ Էրդողանն ասաց, որ Ալժիրի բնակչության 15 տոկոսը 1945թ. ի վեր ոչնչացվել է ֆրանսիացիների կողմից։ Դա ցեղասպանություն է»,– Էրդողանի խոսքերն է մեջբերում հեղինակը և ընդգծում, որ նման ողբերգությունները պատմական ազատ ուսումնասիրությունների և հիշատակի թեմա պետք է լինեն, դրանք, սակայն, քաղաքական մանիպուլյացիայի առարկա են դարձել։

No comments: