Wednesday, February 29, 2012

Ստամբուլում կազմակերպված հակահայկական ակցիայի համար Ադրբեջանը 2 մլն դոլար է ծախսել

News.am. 29-2-2012- Թուրքիայի սոցիալիստ ադրբեջանցիների միության անդամ Ռըֆաթ Աբբասզադեն հայտարարել է, թե Ստամբուլում Խոջալուի դեպքերին նվիրված հակահայկական ակցիայի համար Ադրբեջանը ծախսել է 2 մլն դոլար։ Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի գործիչ Ռըֆաթ Աբբասզադեն նշել է, թե Ստամբուլում Խոջալուի իրադարձություններին նվիրված միջոցառումը ազգայնականները վերածել են ֆաշիստական ակցիայի։ «Այդքան ատելություն պարունակող կարգախոսները հակամարդկային են։ Ադրբեջանական իշխանությունները 2 մլն դոլար են ծախսել այդ ակցիան կազմակերպելու համար։ Հրահանգ էր տրվել նաեւ Ռուսաստանից Ստամբուլի ցույցին մասնակցել ցանկացող ադրբեջանցիների ճանապարհածախսը հոգալ»,-նշել է Ռըֆաթ Աբբասզադեն։ Նշենք, որ Թուրքիայի սոցիալիստ ադրբեջանցիների միությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե անթույլատրելի է Խոջալուի իրադարձություններն դարձնել քաղաքական գործիք եւ այն օգտագործել 1915-ի հայկական ողբերգությունը ժխտելու համար։ «Անհրաժեշտ է վերջ դնել ժողովուրդների միջեւ թշնամություն սերմանող գործողություններին։ Մենք դատապարտում ենք նաեւ այն, որ Թուրքիայում ապրող հայերի հանդեպ համերաշխություն արտահայտող «Բոլորս հայ ենք» արտահայտությունը ցույցի ժամանակ վերափոխվել է «Բոլորս ադրբեջանցի ենք» արտահայտությամբ»,-նշվել է հայտարարության մեջ, որն ավարտվել է «Կեցցե ժողովուրդների եղբայրությունը» կարգախոսով։

No comments: