Wednesday, February 29, 2012

Ռուսաստանն Իսրայելին է փոխանցել իրանական «С-300» համակարգը կոտրելու գաղտնագրեր. WikiLeaks

Tert.am. 29-2-2012- Իսրայելը Ռուսաստանին է փոխանցել Վրաստանին մատակարարվող անօդաչու սարքերի գաղտնագրերը, փոխարենը` ստացել իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը կոտրելու գաղտնագրեր, գրում է իսրայելական «Եդիոտ ահրոնոտ» թերթը` վկայակոչելով WikiLeaks կայքին (կայքը սկսել է հրապարակել ամերիկյան Stratfor հետախուզական մասնավոր ընկերության աշխատակիցների նամակագրությունը): Stratfor-ի աշխատակիցների նամակագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի ու Իսրայելի միջև տեղեկությունների փոխանակման մասին համաձայնագիրը կնքվել է մինչ 2008 թ. ռուս-վրացական պատերազմը, որի ժամանակ Վրաստանը, ենթադրաբար, օգտագործել է իսրայելական անօդաչու սարքեր: Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանն Իսրայելին է տվել իր կողմից Իրանին մատակարարվող С-300 համակարգը «կոտրելու» գաղտնագրեր: Նամակագրության մեջ ընդգծվում է, որ Թուրքիան նույնպես հետաքրքրված է եղել С-300-ի գաղտնագրերը ստանալու հարցում և այս կապակցությամբ սերտ համագործակցել իսրայելական հետախուզության հետ: Բանն այն է, որ այդ համալիրները մատակարարվել են Հունաստանին` Անկարայի մրցակցին, գրել է թերթը: Stratfor-ն ամերիկյան վերլուծական- հետախուզական մասնավոր ընկերություն է (այն անվանում են նաև «ստվերային ԿՀԾ»), որը զբաղվում է աշխարհում կատարվող դեպքերի հավաքագրմամբ ու վերլուծությամբ:

No comments: