Thursday, February 9, 2012

Պենտագոնը սկսել է ուսումնասիրել Սիրիայի ռազմական հնարավորությունները

Tert.am. 8-2-2012- ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը սկսել է Սիրիայի բանակի հնարավորությունների վերլուծությունը` երկրի դեմ հնարավոր ռազմական գործողության դեպքում: CNN-ի հաղորդմամբ` նման տեղեկություններ են ստացվել ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության միանգամից 2 աղբյուրներից: Պենտագոնի աշխատակիցներից մեկի խոսքերով` այդ աշխատանքը դեռևս նախնական բնույթ է կրում և ոչ մի կոնկրետ ծրագիր չի պարունակում: CNN-ի 2 զրուցակիցներն էլ նշել են, որ նախնական պլանավորումը կազմվում է, որպեսզի գեներալները նախագահին ներկայացնելու տվյալներ ունենան: Նախնական գնահատման փուլում Պենտագոնը պետք է կազմի հրամանատարության տրամադրության տակ առկա ուժերի, միջոցների և խնդիրների ցանկը: Նաև ռազմական գործողություն իրականացնելիս հնարավոր վտանգները և ռիսկերը, որոնց զինվորականները կարող են բախվել Սիրիայում: Նման հետազոտություններում, որպես կանոն, դիտարկվում է գործողությունների լայն շրջանակ` սկսած հումանիտար օգնությունից և ընդդիմադիր խմբավորումների աջակցությունից, մինչև ռազմական գործողություն: «Սակայն դեռևս մենք իրավիճակը դիտարկում ենք տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցների համատեքստում», - հայտարարել է Պենտագոնի պաշտոնյան: Ամերիկյան պաշտոնատար անձիք բազմիցս շեշտել են, որ չեն պատրաստվում Սիրիայի ճգնաժամի հաղթահարմանը ռազմական մասնակցություն ունենալ: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պնդում է, որ Սիրիայի նախագահ Բ. Ասադը պետք է հրաժարական տա, որպեսզի ճանապարհ հարթի առճակատման քաղաքական լուծման համար: Ասադը հրաժարվում է իր պաշտոնը թողնել, հայտարարելով, որ պետք է շարունակի իր պայքարը երկրում բռնություններ տարածող ահաբեկչական խմբավորումների դեմ:

No comments: