Tuesday, February 14, 2012

«Եթե Ադրբեջանը կարող է դուրս գալ բանակցային գործընթացից, ապա Ֆրանսիան դուրս չի գա ԵԱՀԿ Մինսկի խմբից». քաղաքագետ

Ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` Ֆրանսիան, ըստ էության, դարձել է ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկը և պետք է դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբից: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Mardik.am-ը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանից հետաքրքրվեց՝ սա ուղղակի թուրքական հերթական բլեֆն է, թե հնարավոր է իրականանա, եթե այս հայտարարությանը գործնականորեն միանա նաև «փոքր եղբայր» Ադրբեջանը: «Ադրբեջանը եթե ցանկանա դուրս գալ բանակցային գործընթացից, դա իր իրավունքն է: Ադրբեջանը կարող է միակողմանի դադարեցնել քննարկումները ֆրանսիական կողմի հետ»,- ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Զրուցակցիս խոսքով՝ սրանք ուղղակի հայտարարություններ են և չունեն քաղաքական իրական հիմք: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի ակտիվությանը ԼՂ հակամարտության հարցում, ապա, ըստ բանախոսի, պետք է փաստել, որ վերջին երկու տարիների ընթացքում, այսպես ասած, առաջին ջութակի դերը խաղում է ՌԴ-ը, որի վառ ապացույցը պարբերաբար տեղի ունեցող հանդիպումներ էին ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև, որոնք, սակայն, որևէ շոշափելի արդյունքի չհանգեցրին: «Ընդհակառակը, ԼՂ կարգավորման գործընթացը հայտնվեց փակուղային վիճակում»,-ասաց քաղաքագետը: Իսկ արդյոք կլինե՞ն արցախյան հակամարտության հարցում նոր նախաձեռնություններ, պրն Շահնազարյանի կարծիքով` նոր նախաձեռնություններ կձեռնարկի ֆրանսիական կողմը, որը կփորձի ԵՄ-ի քաղաքականությունն ակտիվացնել տարածաշրջանում՝ շեշտը դնելով հումանիտար խնդիրների վրա: «Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը հետաքրքիր և ընդունելի կլինի բոլոր կողմերի համար»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետը վստահ է, որ միայն Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները բավարար չեն, որ Ֆրանսիան դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբից: Նման բան կլինի, եթե ԵԱՀԿ-ը նման որոշում ընդունի, որին, սակայն, Թուրքիան չի կարող հասնել:

No comments: