Tuesday, February 14, 2012

Երիտասարդները չեն ամուսնանում, աղանդավորները` շատանում են

Haynews.am-ի զրույցը Թալինի համայնքի հոգևոր առաջնորդ Տեր Ղևոնդ քահանա Գափոյանի հետ - Տեր Ղևոնդ, որքա՞ն է վերջին ժամանակներս ակտիվացել աղանդավորների գործունեությունը հենց Ձեր համայնքում: - Թալինի հոգևոր համայնքում, որն ընդգրկում է շուրջ 30 գյուղ, վերջին տարիներին ակտիվացել է աղանդավորների գործունեությունը, բայց այդ գործընթացը նկատվում է նաև հանրապետության մյուս տարածքներում: Այս համայնքում բնակչությունը միատարր է` սասունցիներ, մշեցիներ, ալաշկերտցիներ, դյութաղցիներ: Նրանք եկել և հիմնվել են գյուղովի: Եթե ամուր է ընտանիքը, ամուր է նաև պետությունը և դժվար է ներթափանցել նրա ներս քայքայելու համար: Նույնը նաև համայնքն է, այստեղ անպատվություն են համարում, եթե իրենց համայնքից ինչ-որ մեկը գնում է քայքայիչ աղանդի հետևից: Ազգային ավանդությունը պահող-պահպանող ժողովուրդը շատ դժվար է կոտրվում: Այն վայրերում, որտեղ բնակչությունը խառն է, այսինքն մարդիկ տարբեր բնակավայրերից եկել և հաստատվել են, աղանդները ուղղակի վխտում են: Մյուս կողմից պարապ մարդը ամեն ինչի ընդունակ է. երբ զբաղվելու բան չունի` պիտի սերիալ նայի, էնպիսի հաղորդումներ, որտեղ մարդու բարոյական սկզբունքները տեղի են տալիս անբարոյականությանը: Ցավալի է, բայց փաստը դա է: Եթե մեր 30 գյուղերը ավանդապահ չլինեին, ապա հաստատ նրանք էլ աղանդավորական շարժման ներկայացուցիչներով լեփ- լեցուն կլինեին: Իհարկե փորձեր արել են ներթափանցել: Բայց համայնքի ղեկավարները, դպրոցների տնօրենները թույլ չեն տվել: -Ինչո՞ւ են մեր երկրում նման արագությամբ աղանդներ տարածվում: -Այդ ամենը կապված է միատարրության բացակայության և չքավոր վիճակի հետ: ՀՀ- ում, իհարկե մենք տոնում ենք մեր անկախության 20- ամյակը, բայց ժողովրդի վիճակը մնում է շատ վատ: Ես այսպես խոսում եմ, որովհետև անձամբ տներ այցելում եմ, գիտեմ մարդկանց ապրելաոճը, նրանց եկամուտների աղբյուրները: Աղանդներից բացի շատ մեծ վտանգ են ներկայացնում ամուսնալուծությունները: Այսօր եթե մարդիկ աղանդավոր են դառնում, ընտանիքները սկսում են քայքայվել, որովհետև նույն տան անդամները իրար դեմ են դուրս գալիս: Աղանդավորների դեմն առնելու առաջին նախապայմանը աշխատատեղերի ստեղծումն է, զբաղմունք ունենալն է: -Հասարակությունը այսքան անհանգստանում է նմանատիպ երևույթների դեմն առնելու համար, ըստ Ձեզ վերևներում չեն մտածո՞ւմ: -Մենք պատերազմ տեսած ժողովուրդ ենք, և շատ ետ մնացինք: Այն ժամանակ մարդիկ չմտածեցին պահպանել այն ամենը ինչ- որ կա: Հենց օրինակ` Թալինում պեռլիտի հանքեր կան, գործարան կար, բայց քանդեցին եղածը, մարդիկ առանց աշխատանքի մնացին: Կամ էլ Արտենիի գինու գործարանը` մարդիկ աշխատում էին, բերքը հանձնելու տեղ ունեին, բայց եկեք տեսեք ինչպես վարվեցին այդ գործարանի հետ. հողին հավասարեցրին: Եթե ուզեն վերականգնել, երևի կկարողանան, բայց շտապել է պետք, որովհետև մենք ծերացող ազգ ենք, ոչ թե որովհետև քիչ են ծնվում, այլ մարդիկ փախչում են, որովհետև ապրելու միջոց չկա: Ներքին Բազմաբերդ գյուղում 20-35 տարեկան շուրջ 100 երիտասարդ տղամարդ կա, որոնք չեն ամուսնանում, որովհետև ընտանիք պահելու հնարավորություն չունեն: Հեռուստացույցով կարող են ասել, որ ամեն ինչ լավ է, բայց եկեք տեսեք, թե Թալինի հոգևոր համայնքի 47 հազար բնակչությունից, ո՞վ կարող է այսօր վարկով տուն գնել: Ինչպե՞ս կարող է երիտասարդը նման պայմաններում ամուսնանալ, երեխա ունենալ: Խոսքս, ճիշտ է, մի քիչ բողոքի նման է հնչում, բայց ես բողոքում եմ, որովհետև այս բողոքը իմը չէ, իմ ժողովրդինն է, որովհետև ես իմ ժողովրդի տուն եմ մտնում և շատ լավ գիտեմ, թե ինչպես են նրանք ապրում: Այս ապրելակերպը շատ վիրավորական է: Ես Երևանը երբևիցե չէի համեմատի Թալինի տարածաշրջանի հետ, դա Եվրոպայի ու կանգ առած պետության համեմատություն է: -Իսկ եղե՞լ է այնպիսի դեպք, երբ կարողացել եք դարձի բերել աղանդավորի, կամ գոնե փորձե՞լ եք դա անել: -2001 թվականին նման դեպք եղել է, երբ Սաղմոսավանքի հոգևոր հովիվն էի: Մեր ազդեցությունը այնքան մեծ էր, որ երեխաները սկսեցին գալ մեզ մոտ: Ես համայնքների ղեկավարների հետ այցելում էի քարոզիչների տներ և արգելում էի մեր երեխաներին մոտենալ: Նրանք ոչինչ էին ասում, լռում էին: Բայց երբ խղճի ազատության մասին օրենքը ընդունվեց, դրանից հետո նույն քարոզիչները նվերներ էին բերում բաժանում, ես նորից գնացի նրանց տուն: Նրանցից մեկը շատ ըմբոստացած այս անգամ պատասխանեց` «Լավ եմ արել, լավ եմ անում ու լավ էլ կանեմ: Ինձ պետությունը նման հնարավորություն տալիս է»: Դե կներե’ք, դուք օրենքը ընդունում եք, մեզ էլ կրա՞կն եք գցում: Դե գնա’, եկեղեցի պայքարի: Ես հարգում եմ մարդկանց ազատությունը, բայց այդ ազատությամբ նրանք ոտնահարում են իմ ազգի ինքնասիրությունը: Բայց հենց նույն այդ պաշտոնյան մոռանում է, որ ինքն էլ է այդ եկեղեցու հետևորդը: Եկեղեցին ոչինչ չի կարող անել, եթե աջակից չունենա, եթե ժողովուրդը նրա հետևից չգնա: Ինձ համար այնքան ցավ էր, որ այդ ամենը օրենքի ուժ ստացավ: Տիգրանուհի Մկրտչյան

No comments: