Գրում եմ սփյուռքից, երևանցու լիարժեք իրավունքով, ուր հինգ տարի ապրել ու ուսանել եմ որպես սփյուռքահայ ուսանող: Երևանի բնակիչները իմ հարազատներն են, իսկ յուրաքանչյուր ծառ ու թուփ, այգի ու շենք, պողոտա ու արձան իմ սրտին մոտ են ... Ասեմ նաև, որ Երևանում ծայրահեղական «էքստրեմիստի» կոչում եմ ստացել 1965 թվականի ապրիլի 24- ին հայոց դեմ գործադրված ցեղասպանության 50 ամյակի Երևանի հարյուր- հազարանոց բողոքի ու պահանջատիրական ցույցին մասնակից լինելուս համար: Մի կոչում, որը հպարտությամբ կրում եմ ամբողջ կյանքում:
Ցավի և պայքարի հիշարժան օր էր, ուր մեր ժողովրդի նորագույն պատմության զարթոնքի սկիզբ դրվեց... Այդ օրը Արարատ լեռը ավելի բարձր էր երևում, այնքան բարձր, որի ձյունափառ գագաթը տեսանելի է եղել սփյուռքի ողջ հայությանը: Հայ ժողովուրդը նոր որակավորում ստացավ, թե՛ հայրենիքում, և թե՛ս սփյուռքում...
Հուշեր պատմելու նպատակ չունեմ, սակայն անպայման, պետք է նշեմ, որ ցուցարարներիս վրա Ապրիլ 24-ին միայն ջուր շփեցին, և իշխանությունները մեզ վրա կրակելու հրաման չտվեցին , ինչպես մարտի մեկին Մաշտոցի փողոցի վրա: Այդ օրը երևանցիները զոհ չտվեցին, ազատության (օպերայի) հրապարակը չարնաներկվեց...
Անցան տարիներ: Ներկա սերունդը նոր հարցեր ունի լուծելու: Հայաստանի երիտասարդությունը այս պահին, ձմռան այս ցրտին կանգնած է Երևանի Մաշտոցի պուրակում: Ցուցարարները շրջափակված են Ձեր հրամանատարության տակ գտնվող ոստիկանների օղակով, ովքեր Ձեր հրամանն են կատարում և ջանում են, որպեսզի քաղաքապետի «օրինական» շինարարության հրամանը ի կատար ածվի:
Ծանոթ լինելով Հայաստանում տիրող ներկա վարչա- քաղաքական անօրեն համակարգի գործունեությանը, միամտություն կլիներ ձեզանից ժողովրդանպաստ մի բան հուսալ: Ուստի բողոքում եմ: Դուք ձեր անօրինությունների ու դաժանությունների մեջ բախտավոր եք: Ձեր դիմաց կանգնած է օրինապահ, խելացի և մոտ անցյալից դառը հիշողություն ունեցող մի զանգված, որը փորձում է խաղաղ միջոցներով ձեր իշխանությանը կարգի հրավիրել:
Համացանցի ու «սոցիալական» այլ կապի միջոցներով շարունակաբար տեսնում ու կարդում ենք այն բոլորի մասին, ինչ տեղի է ունենում ամեն մի օր Երևանում, ամեն մի պահ Մաշտոցի պուրակում: Ձեր հաստավիզ ոստիկանները այնպիսի դաժանությամբ են հրում ու քաշքշում երիտասարդ ուսանող աղջիկներին, որ ամեն մի քաղաքակիրթ մարդու մոտ զայրույթ է առաջացնում: Այս երիտասարդների միակ «մեղքը», իրենց քաղաքի կանաչ տարածքի պաշտպանությունն է...
Իսկ դուք՝ քաղաքապետ ու ոստիկանապետ, ի՞նչ եք պաշտպանում, ու՞մ շահերն եք պաշտպանում: Միթե՞ այս քաղաքը ձեր ու ձեր երեխանների քաղաքը չէ՞... Ով է ձեզ և ձեր իշխանություններին իրավունք տվել այսպես թշնամաբար ու անօրինությամբ մաս- մաս անել ու առևտրի առարկա դարձնել մեր հայրենիքը: Այդ հողը ձերը չէ, այդ քաղաքն ու պուրակներն ու ծառները «մեր բոլորինս է հավասար», և դուք իրավունք չունեք Մաշտոցի պուրակում կաշառքի ու բիրտ ուժի միջոցով կրպակներ տեղադրել: Տեսաժապավեններում ձեր ներկայացուցիչները թութակի պես կրկնում են շինարարության «օրինական » լինելու մասին: Ոչ, պուրակում, ծննդաբերական հիվանդանոցին կից տարածքում առևտրի կրպակներ տեղավորելը օրինական լինել չի կարող...
Ապշել կարելի է, թե ինչպիսի ցինիկությամբ ցանկանում եք արդարացնել ձեր կեղծիքները: Գիշերով շինարարություն եք անում, ժողովրդին փաստի առաջ կանգնեցնելու համար: Ձեր այս ինքնավստահ ու անպատիժ գործելակերպն , անշուշտ, մեր ժողովրդի համբերատարության, օրինապահության և նաև զգուշավորության արդյունքն է: Այսպիսի սանձարձակություն ու անօրինություն Փարիզի, Բեռլինի ու Ստոքհոլմի քաղաքապետն ու ոստիկանապետն իրենց թույլ չէին տա, քաջ իմանալով, որ օրենք կա, որ ժողովուրդը նրանց կարգի կհրավիրի...
Պահանջում եմ դադարեցնել անօրեն շինարարությունը և բիրտ ուժի կիրառումը իմ հայրենակից քաղաքացիների նկատմամբ:
Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի սփյուռքահայ շրջանավարտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալի շքանշանակիր
Ստոքհոլմի արքայական տեխնոլոգիական ինստիտուտի դասախոս
Դոկտ. Արամայիս Միրզախանյան
23 Փետրվար, 2012թ. Ստոքհոլմ
Monday, February 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment