Tuesday, February 28, 2012

Ադրբեջանի կողմից գնված զենքն ուղղված է Հայաստանի, ոչ թե Իրանի դեմ

News.am. 28-2-2012- Իսրայելից Ադրբեջանի գնած զենքը նախատեսված է Հայաստանի, ոչ թե Իրանի դեմ օգտագործելու համար, կարծում է վերլուծաբան Ջոշուա Կուչերան: Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ կնքված` անօդաչու թռչող սարքեր եւ այլ սպառազինություններ ձեռք բերելու գործարքի ժամկետները թյուրիմացության մեջ են գցում, նշվում է Eurasia.net կայքում հրապարակված վերլուծաբանի հոդվածում: «Անկախ Իսրայելի եւ Իրանի միջեւ հարաբերությունների լարվածությունից, ինչպես նաեւ Ադրբեջանում իսրայելական հետախուզության գործունեության նկատմամբ ուշադրության մեծացումից, սպառազինությունները նախատեսված են ոչ թե Իրանի, այլ Հայաստանի դեմ օգտագործման համար, որը վերահսկում է Լեռնային Ղարաբաղը»,-գրում է Կուչերան: Նրա կարծիքով` Բաքուն եւ Թել Ավիվը փոխանակվում են Իրանի վերաբերյալ հետախուզական տվյալներով, սակայն Ադրբեջանը զենքն Իսլամական հանրապետության դեմ չի օգտագործի: «Ադրբեջանի կառավարությունը չի վստահում Իրանին, սակայն վախենում է ոչ թե միջուկային ծրագրից, այլեւ Թեհրանի միջամտությունից Ադրբեջանի ներքին գործերին», -նշում է վերլուծաբանը: Վերլուծաբանը ենթադրում է, որ Բաքուն ԱՄՆ-ից սպառազինման ձեռք բերման սահմանափակում ունի «Կոնգրեսի հայամետ անդամների դիմադրության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի` իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ չբորբոքելու մտադրության պատճառով»: «Ադրբեջանը նաեւ Ռուսաստանից զենք գնելու սահմանափակում ունի` Մոսկվայի եւ Երեւանի միջեւ դաշնակցային հարաբերությունների պատճառով: Իսրայելը նման խնդիրներ չունի»,-գրում է վերլուծաբանը: Հիշեցնենք, որ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն Իսրայելից անօդաչու թռչող սարքեր եւ հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության համակարգեր կստանա (ՀՀՊ եւ ՀՕՊ)` 1,6 մլրդ դոլարով:

No comments: