Wednesday, February 15, 2012

Իրանի ԱԳՆ. Իրանը մասնակից չէ Բանգկոկի ահաբեկչություններին, դրա հետեւում կանգնած է Իսրայելը

News.am. 15-2-2012- Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը հայտարարել է, որ Իրանը կապ չունի Բանգկոկի ահաբեկչությունների հետ, եւ դրանց պատասխանատվությունը դրել է Իսրայելի վրա: Նա մեղադրել է Իսրայելին այն բանում, որ նա փորձում է «այդպիսով խանգարել Իրանի եւ Թաիլանդի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացմանը»: Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր, որ ոչ միայն Բանգկոկի, այլեւ Թբիլիսիի եւ Նյու Դելիի պայթյունների հետեւում կանգնած է Իրանը: Մեհմանփարաստը նաեւ Իսլամական Հանրապետության պատրաստակամությունն է հայտնել Բանգկոկում պայթյունների գործի հետաքննությանն աջակցելու հարցում, հայտնում է «Ինտերֆաքսը»: Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի արեւելյան մասում տեղի ունեցած երկու պայթյունների արդյունքում վիրավորվել է 4 մարդ: Պայթյուններից մեկը տեղի է ունեցել, երբ իրանցին փորձել է ռումբը նետել ոստիկանի վրա: Ոստիկանները հայտարարել են, որ ռումբը դուրս է պրծել տղամարդու ձեռքից եւ պայթել` կտրելով նրա երկու ոտքերը: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում` ծանր վիճակում: Բժիշկները չեն երաշխավորում, որ նա կապրի: Ավելի ուշ բնակարանում, որտեղ ահաբեկիչն ապրել է երկու այլ իրանցիների հետ, պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Դեպքի վայրում հայտնաբերված անձնագիրն Իրանի քաղաքացի Սայիդ Մորադիի անվամբ է եղել: Թաիլանդի իշխանությունները դիմել են Իրանին` խնդրելով բացատրել, թե ինչ են արել իրանցիները թագավորության սահմաններում:

No comments: