News.am. 16-2-2012- Պետք է բացառել այն սննդամթերքը, որի մեջ կա շատ աղ, կենդանական ճարպ եւ շաքար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապաբության նախարարության Ֆիզիկական բժշկության եւ կուրորտաբանության գիտահետազոտական ինստիտուտի սննդաբան, գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:
Ավելորդ շաքար, նրա խոսքով, պարունակում են գունավոր, գազավորված ըմպելիքները, տարատեսակ լիմոնադները, քաղցրավենիքը, ջեմերը, մուրաբաները, շոկոլադները, կոնֆետները եւ այլն: Աղով հարուստ սննդամթերք է համարվում ֆասթֆուդը, երշիկեղենը, պահածոյացված սննդամթերքը եւ այլն: Իսկ կենդանական ճարպով հարուստ սննդամթերքների մեջ մտնում են բարձր յուղայնությամբ կաթնամթերքը, ճարպոտ մսամթերքը, տակապած ուտեստները:
Մասնագետը խորհուրդ է տալիս բացառել կամ սահմանափակել քիմիական եղանակով մշակված սննդամթերքը, մայոնեզներով կոնսերվատները եւ այլն:
Իսկ թե ինչ է պետք օգտագործել, Վարդանուշ Պետրոսյանը սննդամթերքը բաժանում է մի քանի հիմնական խմբերի եւ խորհուրդ տալիս ամեն օր ուտել դրանցից մի-մի խումբ: Այսպես, նրա խոսքով, առաջին խմբում հացահատիկներն են, որոնք էներգիայի հիմնական աղբյուրն են, ցանկալի է դրանք օգտագործել չմշակված, չմաքրված վիճակում: Երկրորդ խմբում կաթնամթերքն է, բայց ցանկալի է օգտագործել ցածր յուղայնությամբ, քանի որ դրանք օրգանիզմին ապահովում են հանքային աղերով եւ կալցիումով: Երրորդ խմբում բանջարեղենն է, որոնք Վարդանուշ Պետրոսյանը խորհուրդ է տալիս տարբեր տեսակներ հում վիճակում, չտակապված, առանց աղի: Հաջորդը մրգերն են, որոնք խիստ անհրաժեշտ են օրգանիզմին, ապա` սպիտակուց պարունակող սննդամթերքը, օրինակ` ձուն, չարազը, ձկնեղենը, ծովամթերքները:
Ձմռանը, նրա խոսքով, պետք է օգտագործել ավելի տաք ուտեստներ, ուտել տեղում աճող սեզոնային մթերքներ եւ այլն: Սննդակարգում, Վարդանուշ Պետրոսյանի խոսքով, պետք է բացառել քիմիական մշակված սննդամթերքներ, քաղցրավենիքի փոխարեն ուտել ճաշ:
Պատրաստեց՝ Ինգա Մարտինյանը
Thursday, February 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment