Wednesday, February 8, 2012

Ցեղասպանությունների մասին օրենք. Ինչպիսի՞ն են տրամադրություններն ու ակնկալիքները

News.am. 8-2-2012- Ինչպիսի՞ն են Ֆրանսիայի հայ համայնքի շրջանում տրամադրություններն ու ակնկալիքները ֆրանսիացի պատգամավորների կողմից ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը Սահմանադրական խորհրդում վիճարկելու դիմումի վերաբերյալ: Եթե նախկինում հայերի մոտ որոշ մտահոգություններ կային, ապա Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) տարեկան ընդունելության ժամանակ արված խիստ պարզ հայտարարությունից հետո լավատեսության քիչ հիմք է մնացել: Ինչպես հաղորդում է ««La Provence»-ը, քաղաքապետը, ով նաեւ Սենատում կառավորող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության խմբակացության ղեկավարն է, անդրադառնալով հարցին, ասել էր. «Կան բոլոր հիմքերը, որ Սահմանադրական խորհուրդը չեղյալ կհամարի տեքստը: Ես գրեթե համոզված եմ դրանում: Ես հոռետեսորեն եմ տրամադրված: Ամենավատն այն է, որ Սահմանադրական խորհրդի իմաստունները կարող են գնալ նրան, որ ռիկոշետով չեղյալ համարեն նաեւ 2001թ. ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը, ինչպես նաեւ Գեյսոյի օրենքը»,-ասել է նա` ավելացնելով, որ չի հավատում նախագահ Սարկոզիի կողմից խոստացված նոր օրենքին: «Դա հնարավոր չէ, խորհրդարանն այլեւս ժամանակ չունի»: «Տպավորություն է, թե մեզ փորձում են հիմարի տեղ դնել»,-ասել է «CCAF Provence»-ի նախագահ Ժյուլիեն Արունյանը: «Միություն հանուն ժողովրդական շարժման» շարքերում ամենամեծ տարաձայնություններն էին: Նախագահին չհաջողվեց պահպանել իր համախոհների բանակը: Ընտրություններից մի քանի ամիս առաջ դա պարադոքսային է»,-ավելացրել է Արունյանը: «Ավելին, օրենքի հրապարակումը ձգձգվեց, ինչն էլ հանգեցրեց սահմանադրականության վիճարկմանը... Մենք տարկուսած ենք»,-ասել է CCAF-ի ազգային քարտուղար Պասկալ Շամասյանը: «Նրանք գողացան մեր հաղթանակը: Դա իրավական հարց չէ, դա քաղաքական խնդիր է»,-ավելացրել է նա: Թեեւ այս ամենին` հայ համայնքը «վճռական է մոբիլիզացնել ուժերը»: «Մենք սահմանադրագետների կողմից գրված հակափաստարակներ կներկայացնենք: Մենք կիմանանք` խաբե՞լ են մեզ, եւ ձեռքներս ծալած չենք նստի»,-նշում է CCAF-ը:

No comments: