Wednesday, February 8, 2012

Իրանի խորհրդարանում պահանջում են քննարկման դնել ԵՄ-ին նավթի մատակարարման կասեցման մասին օրինագիծը

1in.am. 7-2-2012- Euronews-ի փոխանցմամբ՝ այսօր Իրանի խորհրդարանում տեղի է ունեցալ հերթական նիստը: Այդ կապակցությամբ իրանցի ուսանողները երեկ ակցիա են անցկացրել խորհրդարանի շենքի առջև՝ պահանջելով դադարեցնել եվրոպական երկրներին նավթի մատակարարումը, որոնք հունվարի 23-ին իրանական նավթի ներկրման վրա բեռնարգելք են դրել, որը, սակայն, լիարժեք գործելու է հուլիսի 1-ից: Իրանցի ուսանողները նշել են, որ անհրաժեշտ է հենց հիմա դադարեցնել դեպի Եվրոպա նավթի արտահանումը, քանի որ Եվրոպան 6 ամսվա ընթացքում կարող է իրանական նավթին այլընտրանք գտնել: Իրանի խորհրդարանի այսօրվա նիստում պատգամավորները նույնպես պահանջել են քննարկման դնել դեպի Եվրոպա իրանական նավթի արտահանման կասեցման մասին օրինագիծը: Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ պատրաստ է այդ օրինագիծը դնել խորհրդարանի քննարկմանը: Նա ընդգծել է, որ այդ հարցը գտնվում է խորհրդարանի օրակարգում: Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանում դեպի Եվրոպա իրանական նավթի արտահանման կասեցման մասին օրինագիծը պետք է քննարկվեր դեռևս հունվարի 29-ին, սակայն այն հետաձգվեց:

No comments: