Wednesday, February 8, 2012

Թուրքիան արդեն իսկ մասնակցում է Իրանի դեմ գործողություններին

Panorama.am . 7-2-2012- Վերլուծական շրջանակներում բավական շատ են քննարկվում Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների սցենարներն ու այդ համատեքստում տարածաշրջանային զարգացումները: Այս առումով բավական հետաքրքրական են թուրք-իրանական հարաբերությունները տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում: Ակնհայտ է, որ թուրք-իրանական հարաբերություններում` հատկապես Մերձավոր Արևելքում առկա են բազում հակասություններ: Այս համատեքստում, կարևոր հարցադրում է, թե ինչպիսի դիրքորոշում և դերակատարություն կարող է ունենալ Թուրքիան Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ: Թուրքիան փորձում է սեփական ինքնուրույն խաղը տանել Իրանի հետ իր հարաբերություններում: Եթե դիտարկում ենք Թուրքիայի հնարավոր դերակատարությունը կամ դիրքորոշումը Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների պարագայում, ապա վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ Թուրքիան հայտնվել է բավական բարդ մի իրավիճակում` նախ Արևմուտքի և Իրանի հետ իր հարաբերությունների համատեքստում: Կարելի է ասել, որ Թուրքիան փորձում է նվազագույն կորուստներ ապահովել իր համար վատագույն սցենարների պարագայում: Մի կողմից Արևմուտքի հետ իր հարաբերությունների խնդիրն է, մյուս կողմից` տարածաշրջանային քաղաքականության համատեքստում իրանական գործոնն ու Իրանի հետ իր հարաբերությունները: Թուրքիան ներկայում չի կարող որևէ վեկտորի ուղղությամբ քայլ կատարել, այլ այն միտված է մանևրելու և ժամանակ շահելու: Այս առումով Թուրքիայի քաղաքականությունը վտանգավոր ու երկակի է: Սեպտեմբերին, երբ հայտնի դարձավ Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի միասնական ՀՀՊ ՌՏԿ-ի տեղակայման մասին հուշագրի ստորագրումը, ականատես եղանք իրանական կողմի բավական կոշտ հայտարարություններին տարբեր մակարդակներով: Իրանական կողմը հստակ հասկացնում էր Թուրքիային, որ նման գործարքն Արևմուտքի հետ ուղղված է իր ազգային անվտանգությանը: Իրանում վերապահումներով են մոտենում պաշտոնական Անկարայի հավաստիացումներին, որ ՌՏԿ-ն ուղղված չէ որևէ երկրի տեղ: Այլ բան չէր էլ կարող լինել: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ Հոսեին Սալամին ս. թ. փետրվարի 5-ին հայտարարել է, որ Իրանի դեմ թշնամական գործողությունների իրականացման համար ցանկացած կետ հակահարված կստանա իրանական զինված ուժերի կողմից: Իհարկե այս հայտարարությունը վերաբերում է Իրանի անմիջական խնդրահարույց ու ոչ վստահելի հարևաններին, Ծոցի արաբական մի քանի երկրների: Թուրքական մամուլն այդ հայտարարությունը համարեց որպես Թուրքիային ուղղված սպառնալիք, քանի որ Թուրքիայում են գտնվում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմաբազաները։ Ավելի վաղ Իրանի օդուժի հրամանատար, գեներալ Էմիր Ալի Հաջիզադեն բաց տեքստով սպառնացել էր Թուրքիային` շեշտելով, թե Իրանի դեմ ցանկացած հարձակման դեպքում Իրանն առաջինը հարվածելու է Թուրքիային: Թուրքական կողմը չէր կարողանում և ներկայում էլ չի կարողանում որևէ կերպ չեզոքացնել իրանական կողմի մտահոգություններն այդ առումով: Թուրքիան միացավ Արևմուտքի` հատկապես ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական «խաղերին»` հավանություն տալով իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի միասնական ՀՀՊ համակարգի ՌՏԿ: Մյուս կողմից էլ մենք վերջին շրջանում ականատես ենք լինում, որ Թուրքիան փորձում է Արևմուտքից անկախ դիրքորոշում որդեգրել Իրանի հարցում` նավթամթերքի ներկրման արգելանքի համատեքստում: Բացի այդ, Անկարայում հայտարարեցին, որ Թուրքիան չի տրամադրի իր տարածքն Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: Մեծ հաշվով Թուրքիան Իրանի հետ իր հարաբերությունների պահպանմամբ ու զգուշավորությամբ առաջին հերթին փորձում է իր անվտանգության համար պայմաններ ապահովել: Ակնհայտ է, որ արդեն իսկ Թուրքիան ռադարի տեղակայմամբ որոշակիորեն մասնակցություն է ունենալու ռազմական գործողություններին: Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների պարագայում Թուրքիան կփորձի պահպանել չեզոքություն, սակայն արդեն իսկ իր տարածքում ռադարի տեղակայմամբ հայտնվում է Իրանի կողմից հնարավոր հրթիռային հարվածների սպառնալիքի տակ և այդ մասին տարբեր բարձրաստիճան իրանցի զինվորականներ պարզ հայտարարել են: Մյուս կողմից էլ այդ չեզոքությունը թանկ կարժենա Անկարային Արևմուտքի հետ իր հարաբերություններում: Դժվար է ասել, թե ինչ կարժենա Անկարայի համար «սեփական խաղը»: Իրանի նկատմամբ Թուրքիայի ներկա քաղաքականության հարցում թուրք փորձագետները գտնում են, որ Թուրքիան չպետք է միանա Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներին, քանի որ այն միանգամից կհայտնվի «Իրանի ագրեսիվ քաղաքականության թիրախում»: Բացի այդ, նույն Արևմուտքի երկրները կախվածություն չունեն Իրանից, ինչպես Թուրքիան էներգետիկ ոլորտում, որի բնական գազի պահանջարկի մեկ երրորդն ապահովում է Իրանը: Դրա հետ մեկտեղ, ռազմական անվտանգության տեսանկյունից Թուրքիան կարող է դառնալ ամենախոցելի երկիրը` հաշվի առնելով թուրք-իրանական 500 կմ ցամաքային սահմանը: Իրանի համար ներկայում Թուրքիան չի դիտվում որպես վստահելի գործընկեր: Ուստի, Թեհրանն այժմ փորձում է հասկանալ, թե ինչպիսին է լինելու Անկարայի դիրքորոշումն ու դերը Իրանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում: Վերջին բարձր մակարդակի շփումներն ամենայն հավանականությամբ անցել են հենց այդ խնդիրների շուրջ: Թեհրանն Անկարայից պահանջում է հստակ երաշխիքներ, սակայն Անկարան դեռևս չի կարողանում դրանք բավարարել: Մերձավոր Արևելքում հատկապես վերջին զարգացումները ակնհայտ ի ցույց են դնում թուրք-իրանական «աշխարհաքաղաքական հակամարտությունը»: Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը տարածաշրջանում առնվազն հարցականի տակ է դնում կամ ուղղակի սպառնում Իրանի շահերին: Թուրքիայի իրական հավակնություններն ու հնարավոր գործողությունները լավ պատկերացնելու առումով Իրանի համար լավ դաս եղան հատկապես սիրիական զարգացումները: Երբ ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիան բարելավեց հարաբերությունները արաբական աշխարհում Իրանի դաշնակից Սիրիայի հետ, նույնիսկ ռազմաքաղաքական ոլորտում համագործակցության եզրեր ի հայտ եկան և Թուրքիան հայտարարեց թուրք-սիրիական բարեկամական հարաբերությունների նոր փուլի մասին: Սակայն, կարճ ժամանակ չանցած, Թուրքիան այդ նույն Սիրիայի հարցում դարձավ Արևմուտքի կարևոր գործընկերը` իր վրա վերցնելով սիրիական զարգացումների ուղղորդման` Արևմուտքի առաջադրած դերը: Վերջին շրջանում քաղաքական ոլորտում թուրք-իրանական «սիրալիր» շփումներն ուղղակի իրականության մակերեսային մասն են միայն: Իրանական բարձրաստիճան զինվորականների կողմից պարբերաբար կատարվող զգուշացումներն ու ռազմական հակահարվածի մասին հայտարարությունները գալիս են լրացնելու հենց այդ «մակերեսային-հրապարակային» թվացյալ բարեկամությանը: Նախ, այստեղ կարևոր է հաշվի առնել Իրանի պետական համակարգի առանձնահատկությունը, քանի որ զինված ուժերի գերագույն հրամանատարը երկրի հոգևոր առաջնորդն է, ԻՀՊԿ-ն անմիջականորեն ենթարկվում է նրան, պատերազմ հայտարարելու իրավասությունը, որոշումների կայացման գործընթացի վերջնական սանդղակը պատկանում է նրան, և զինվորականների ու հատկապես ԻՀՊԿ-ի հրամանատարության հայտարարություններն ավելի առաջնային նշանակություն ունեն և արտահայտում են հոգևոր վերնախավի իրական տեսակետը: Հեղինակ` Լևոն Հովսեփյան, թուրքագետ

No comments: