«Լրագիր» 15-2-2012- Վարդան Օսկանյանն իր հայաստանյան գործունեության ընթացքում ընկալվել է որպես արեւմտյան վեկտորի գործիչ: Պաշտոնաթողությունից հետո էլ նրա հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամն իր գործունեության բովանդակությամբ եւ ոճով, աշխատանքի եւ գործունեության մշակույթով այսպես ասած արեւմտյան արժեհամակարգային վեկտորի մեջ էր:
Այդ իրավիճակում, Վարդան Օսկանյանի անդամակցումը ԲՀԿ-ին հետաքրքրական է նաեւ հենց այդ՝ արժեհամակարգային վեկտորի տեսանկյունից: Այսինքն, Օսկանյանի անդամակցումը կարող է վկայել Բարգավաճ Հայաստանում արեւմտյան վեկտորի ուժգնացման կամ ընդգծման մասին: Թեեւ ԲՀԿ-ն միշտ էլ հանդես է եկել եվրոպական արժեքներ դավանելու մասին հայտարարություններով, իսկ ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանն էլ նույնիսկ տարբեր մեդալներ է ստացել իր եվրոպականության համար, այդուհանդերձ ակնհայտ է, որ իր բուն, պրակտիկ գործունեության առումով ԲՀԿ-ն գտնվում էր այսպես ասած ռուս-բելառուսական դաշտում:
Օրինակ, Գագիկ Ծառուկյանն անձնական մտերմություն ուներ ոչ թե եվրոպական որեւէ առաջնորդի հետ՝ թեկուզ արեւելաեվրոպական, այլ, օրինակ, Լուկաշենկոյի եւ Յանուկովիչի:
Այժմ, երբ արեւմտյան վեկտորի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը անդամակցում է Բարգավաճ Հայաստանին, առաջանում է հենց կուսակցության այսպես ասած պրակտիկ գործունեության “կոմպլեմենտարության” հարցը: Ըստ երեւույթին, ԲՀԿ-ն ու Արեւմուտքը սկսում են առավել աշխույժ հետաքրքրված լինել միմյանցով, ինչի դրսեւորումն էլ կարող է հանդիսանալ Վարդան Օսկանյանի անդամակցումը ԲՀԿ-ին:
Իսկ այդ ամենն էլ իր հերթին կարող է վկայել այն մասին, որ Հայաստանի քաղաքական զարգացումների վրա առավել ընդլայնվում կամ խորանում է արեւմտյան քաղաքական-արժեհամակարգային “սալի” ազդեցությունը, աստիճանաբար դուրս մղելով ռուսականին: Թերեւս այդ պատճառով է, որ պրակտիկորեն ռուսական “սալի” ուղղությամբ կողմնորոշված ԲՀԿ-ն կարծես թե փորձում է առնվազն հավասարակշռվել նաեւ դեպի Արեւմուտք, եթե չասենք, որ փորձում է աստիճանաբար անցում կատարել արեւմտյան “սալի” կողմը:
Այդ տեսանկյունից, ի դեպ, պատահական չէ, որ Հայաստանում բուռն քաղաքական եռօրյայի ֆոնին բավական կոնկրետ քաղաքական գնահատականով եւ մեսիջով հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, հայտարարելով, որ ինքը ուրախ է եղել Հրազդանում մրցակցային ընտրություն տեսնելու հանգամանքով:
Իսկ քաղաքական բուռն եռօրյան փաստացի սկսվեց Հրազդանի քաղաքապետի ընտրությամբ՝ ուր բախվեցին ՀՀԿ-ն ու Կոնգրեսը, շարունակվեց նրանով, որ կոալիցիան հանդես եկավ խաղի կանոնների շուրջ պայմանավորվածության մասին հայտարարությամբ, Կոնգրեսը հետաձգեց փետրվարի 17-ի իր հանրահավաքը, իսկ Վարդան Օսկանյանն էլ հայտարարեց ԲՀԿ-ին անդամակցելու մասին:
ԱՄՆ դեսպանի Հրազդանի ընտրությանը տված գնահատականը թերեւս տարածվում է ամբողջ եռօրյայի վրա, ինչը նշանակում է, որ ԱՄՆ դրական է գնահատում այդ գործընթացները: Ի դեպ, միգուցե ամենեւին պատահական չէ, որ ընդամենը օրեր առաջ էլ Հայաստանում եղավ Վլադիմիր Պուտինին սատարելու մասին աննախադեպ քաղաքական կոչ, որը հնչեց Հայ ազգային կոնգրեսի անդամ քաղաքական ուժի շուրթերից: Իհարկե, Կոնգրեսը հրաժարվեց դրա համար պաշտոնական պատասխանատվություն կրելուց, բայց իրավիճակը հիշեցնում է այն, երբ պետություններում ոչ պոպուլյար տեսակետները եւ քաղաքական մեսիջները հայտնում են ոչ թե պաշտոնական դեմքերը, այլ քաղաքական դաշտում իշխանության տիրույթում գործող օդիոզ կամ էպոտաժային կերպարները, ինչպիսին Ռուսաստանում օրինակ Ժիրինովսկին է:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Wednesday, February 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment