Wednesday, February 29, 2012

Ափսոս են փողը, ժամանակն ու եռանդը

«Լրագիր» 28-2-2012- Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հանրային շփումների մեջ ընդհանուր եզրեր գտնելու, հասարակություններին մերձեցնելու ջանքերը պարբերաբար եկել են առաջնային դիրքեր, հետո նահանջել: Ներկայում կարծես թե մի փուլ է, երբ այսպես ասած հայ-ադրբեջանական հասարակական շփումներն աշխուժանում են, փորձ է արվում այսպես ասած երկխոսություն հաստատել երկու հասարակությունների միջեւ: Այն, որ հասարակական երկխոսությունը երկու հակամարտ երկրների կամ կողմերի միջեւ դրական եւ կարեւոր գործընթաց է, կասկած չկա: Սակայն, ցանկացած գործընթաց արդյունավետ կարող է լինել այն դեպքում, երբ առավելագույնս մոտ է հակամարտ իրապատկերին եւ տեղավորվում է դրանից բխող մշակումների շրջանակում, ոչ թե տեսական նյութի համատեքստում: Այդ առումով, հայ-ադրբեջանական հասարակական երկխոսությունը կարծես թե հենց տեսական նյութի համատեքստում է եւ քիչ կապ ունի իրապատկերի հետ: Բանն այն է, որ Հայաստանի հասարակությունն ադրբեջանական կողմի հետ երկխոսելու խնդիր չունի: Ադրբեջանցին կարող է հանգիստ գալ Հայաստան եւ շրջել Երեւանում առանց ավելորդ խնդիրների կամ կյանքի համար սպառնալիքների: Ավելին, վերջերս մի բավական խորհրդանշական պատմություն հայտնվեց մամուլում, երբ Երեւանում անարգել շրջել էր ադրբեջանական համարանիշերով մի ավտոմեքենա: Նույնիսկ դժվար է ասել, թե արդյոք Հայաստանի համար վտանգավոր չէ այդ աստիճան հանրային հանդուրժողությունն ադրբեջանցիների կամ ադրբեջանականի հանդեպ, եթե նկատի ունենանք, որ այդ երկրում ամեն օր հնչում են հայատյացության կոչեր, Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ պատերազմի սպառնալիքներ, Հայաստանն ու Ղարաբաղը ոչնչացնելու կոչեր, երբ աշխույժ աշխատում են այդ երկրի դիպուկահարները, դիվերսիոն խմբերը: Բայց, փաստն այն է, որ Հայաստանում առկա է հանդուրժողության գրեթե բացարձակ մակարդակ: Եվ այդ պայմաններում առնվազն անհասկանալի է, թե ինչի համար են հայ-ադրբեջանական երկխոսության ջանքերը, որոնք կազմակերպվում են փոխհանդուրժողության մասին զանազան կոչերի, հորդորների, սեմինարների եւ քննարկումների տեսքով: Միջնորդ կազմակերպությունները, հիմնականում արեւմուտքից՝ հասարակական կամ նույնիսկ պաշտոնական, ջանքեր են գործադրում այդ երկխոսության ուղղությամբ, եռանդ, ժամանակ, փող՝ իրենց երկրների հարկատուների փողը ծախսելու ուղղությամբ: Այդ ամենն ափսոս է: Ափսոս է թե ժամանակը, թե փողը, թե եռանդը, ափսոս են նյարդերը: Գնահատելով միջնորդ այդ պաշտոնական եւ հասարակական կառույցների մտահոգությունն ու ջանքը, այդուհանդերձ արժե, որ նրանք այդ ամենն ուղղեն առավել ռացիոնալ, իրապատկերին առավել մոտ հարթություն: Իսկ դա նշանակում է, որ ջանքն ու եռանդը պետք է ուղղել միայն Ադրբեջան, աշխատել Ադրբեջանի հասարակության հետ, ընդ որում ոչ թե հասարակական կազմակերպությունների, այլ հենց քաղաքացիների, շարքային ադրբեջանցիների տարբեր շրջանակների հետ: Փողը, ժամանակն ու եռանդը պետք է ներդնել նրան պաշտոնական Բաքվի հակահայկական քարոզչության հրետանային հարվածների տակից հանելու համար, որովհետեւ եթե այդ հարվածները շարունակում են պահպանվել, ապա զանազան հայ-ադրբեջանական շփումները ընդամենը կարող են այսպես ասած հանրային հարաբերությունների առողջացման կաթիլ լինել հայատյացության ծովում, որ կա բուն Ադրբեջանում: Այլապես, հանդիպում են հասարակական սեկտորի հայ եւ ադրբեջանցի ակտիվիստները, շփվում, մի քիչ հանդուրժում իրար, մի քիչ բանավիճում, ընդհանուր առմամբ մի քիչ պահում քաղաքակիրթ մակարդակը, ինչ որ տեղ նույնիսկ հուզվում սեփական հանդուրժողությունից եւ հուզում դիմացինին, հետո բաժանվում եւ սպասում նոր հուզումների, իսկ շարքային ադրբեջանցին այդ ընթացքում շարունակաբար լսում է պաշտոնական Բաքվի հակահայ քարոզչությունը, ապրում այդ քարոզչությամբ, սնվում հայատյացությամբ: Երբ որ շարքային ադրբեջանցիները դուրս կգան ամենօրյա հակահայ քարոզչության տեղատարափից եւ հոգեբանորեն պատրաստ կլինեն հայերի հետ քաղաքակիրթ շփումների, այդ դեպքում արդեն արժե բարձրանալ նոր մակարդակի եւ սկսել հայ-ադրբեջանական հասարակական մակարդակում շփումների փորձերը: Իսկ առայժմ, այդ փորձերը զգալի հող ունեն Հայաստանում, ու դրանց տակը բացարձակապես դատարկ է Ադրբեջանում: Հետեւաբար, նախ պետք է լցնել Ադրբեջանի այդ դատարկությունը, որպեսզի ավելորդ եւ անիմաստ կերպով չվատնվեն փողը, ժամանակն ու եռանդը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: