«Լրագիր» 13-2-2012- Մեթյու Բրայզային չեն նշանակել Ադրբեջանում դեսպանի պաշտոնում, սակայն նա այդ բանը կապում է ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների, ոչ թե հայկական լոբբիի հետ: Բարյզան չի հստակեցրել, թե ինչպես է դա կապված ընտրությունների հետ, չնայած, ակնարկել է, որ ինքը զբաղվել է ղարաբաղյան խնդրով Բուշի վարչակազմի ժամանակ, եւ այդ ժամանակ այդ խնդիրն առավել առաջնային էր, քան հայ-թուրքական հարաբերությունները, որոնց աջակցում է Օբամայի վարչակազը:
Բրայզան հետաքրքիր հարցազրույց է տվել Հյուրրիյեթ թերթին, որում նախազգուշացրել է ԱՄՆ ներկայիս վարչակազմին, որ «արհեստական» պնդումներն այն հարցի շուրջ, որ ղարաբաղյան կարգավորման եւ հայ-թուրքական նորմալացման միջեւ կապ չկա, մահվան է դատապարտում հակամարտության կարգավորման հեռանկարները, քանի որ «անհնար է դարձնում հայկական կողմից փոխզիջման հասնելը»: «Փաստացի, Հայաստանը մեծապես շահում է Թուրքիայի հետ սահմանի բացումից առանց ղարաբաղյան հարցում որեւէ փոխզիջման», հայտարարում է Բրայզան:
Ամերիկյան դիվանագետի նման անկեղծությունը խոսում է այն մասին, որ մոտ մեկ տարի Ադրբեջանում դեսպան եղած ժամանակ արել է ամեն ինչ, որ ղարաբաղյան խնդիրը խանգարի հայ-թուրքական հարաբերություններին: Եվ նա արել է դա ի հեճուկս իր վարչակազմի, որը բազմիցս հաստատել է, որ այդ երկու խնդիրները չպետք է փոխկապակցվեն:
Հնարավոր է, հենց դա Բրայզան նկատի ուներ՝ խոսելով իր չնշանակման պատճառների մասին: Չի բացառվում, որ Պետդեպը մեղադրել է Բրայզային հայ-թուրքական հարաբերությունների խափանման մեջ, քանի որ կարգավորման համար գլխավոր խոչընդոտ էր Բաքվի դիրքորոշումը, որտեղ Բրայզան ԱՄՆ դեսպանն էր:
Մեթյու Բրայզան, ով երկար տարիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էր, չի թաքցնում, որ կցանկանար հակամարտության կարգավորումը ոչ Հայաստանի օգտին: «Հայաստանի համար առավել կարեւոր է պատերազմի ռիսկը բացառելը եւ արդար եւ կայուն կարգավորում ունենալ Լեռնային Ղարաբաղում, քան Թուրքիայի հետ ուղիղ առեւտրային հարաբերություններ: ԱՄՆ-ն պետք է կենտրոնանա Ղարաբաղի հարցում առաջընթացի վրա: Առաջընթաց կլինի խաղաղ կարգավորման վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը», կարծում է նա:
Ընդ որում, նա կոչ է անում ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային ճնշում գործադրել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա: Բրայզան ասում է, որ մնում են մի քանի հիմնական մանրամասներ, որոնք կարող են համաձայնեցվել, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բավական դժվար եւ ռիսկային քաղաքական որոշում ընդունեն: Նրանք չեն անի դա, քանի դեռ քաղաքական աջակցություն չզգան ԱՄՆ եւ Ֆրանսիայի կողմից:
Ու՞մ անունից է խոսում Բրայզան՝ առաջ տանելով իր գիծը: Ադրյոք նրա հետեւում թուրք-ադրբեջանական ուժերն են կանգնած, թե՞ նա խոսում է ԱՄՆ անունից: Սակայն եթե նա ներկայացնում է Ամերիկան, ապա համենայնդեպս ոչ ներկայիս վարչակազմին: Թե՞ վարչակազմը մտադիր է լսել Բրայզային եւ փոխել իր քաղաքականությունը:
Նաիրա Հայրումյան
Monday, February 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment