Փետրվարի 13-ին ՀՀԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային (James Appathurai):
Ողջունելով հյուրին` արտգործնախարարը դրական է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության բնագավառում արձանագրված արդյունքները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` մասնավորապես Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի և Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը:
Էդվարդ Նալբանյանն ու Ջեյմս Ապատուրայը քննարկել են այս տարի կայանալիք Չիկագոյի գագաթաժողովին, Բրյուսելում կայանալիք Հայաստան + ՆԱՏՕ ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի ամենամյա նիստին առնչվող հարցերը:
Արտգործնախարարը հյուրին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` մասնավորապես Սոչիում կայացած գագաթաժողովի արդյունքները: Այս ենթատեքստում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է Դաշինքի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:
Monday, February 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment