Tert.am. 16-2-2012- Թուրք հոդվածագիր Մեվլութ Թեզելը թուրքական «Սաբահ» պարբերականում «Եթե Սփիլբերգը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանի» վերտառությամբ մի հոդված է հրապարակել, որում խոսում է այն մասին, թե ինչ կարող է լինել նման ֆիլմի ստեղծման դեպքում:
Վերջերս թուրքական լրատվամիջոցները պարբերաբար տեղեկություններ են տարածում, թե աշխարհահռչակ ռեժիսոր, ԱՄՆ-ում գործող «Շոա» (եբրայերենից թարգմանաբար նշանակում է ողջակիզում, հոլոքոսթ) հիմնադրամի հիմնադիր Սթիվեն Սփիլբերգը և սցենարիստ Սթիվեն Զայլյանը պատրաստվում են Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել և այդ առնչությամբ բանակցություններ են սկսել Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչների հետ:
«Դեսպանի հետ կանչել չենք կարողանա, ուրեմն պետք է բոյկոտենք Սփիլբերգի ֆիլմերը. ուզածի չափ բոյկոտեք դրանք, եթե Սփիլբերգն ու սցենարիստ Սթիվեն Զայլյանը «Շինդլերի ցուցակը» ֆիլմի (հրեաների ցեղասպանության մասին է) օրինակով համատեղ ֆիլմ նկարահեն,-գրում է Թեզելը և հավելում,- Ֆիլմի նկարահանման դեպքում Ցեղասպանության հարցի շուրջ բանավեճերը, քաղաքական գործիչների քննարկումների շրջանակից դուրս գալով, հասարակության լայն զանգվածների քննարկման առարկա կդառնան: Ողջ աշխարհը կսկսի այդ ֆիլմի մասին խոսել: Նույնիսկ քարտեզի վրա Թուրքիայի տեղը չիմացող տգետներն սկսելու են հավատալ այն լուրերին, որ մենք ցեղասպանություն ենք գործել»:
Թոզելն այնուհետ գրում է, որ Սփիլբերգի ֆիլմի բացասական ազդեցությունը 100 անգամ ավելի մեծ է լինելու թուրքական բանտում տիրող ապօրինությունների, թուրքական դատական համակարգում կամայականությունների մասին պատմող հայտնի «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմի ազդեցությունից:
Նշենք միայն, որ Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչ Ռուզան Բագրատունին հերքեց Սփիլբերգի և կենտրոնի միջև բանակցությունների սկսման մասին լուրերը: «Նման բան չկա, ժամանակին հայկական կողմից այդպիսի խոսակցություններ եղել էին, նամակ էր ուղարկվել Սփիլբերգին, սակայն հետագայում սառեցվեց»,-նշեց կենտրոնի լրատվության պատասխանատու Բագրատունին:
Friday, February 17, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment