«Իրանում ադրբեջանցիներ չեն ապրում, դա սխալ տերմին է: Պետք է ուղղակի նրանց կոչել թյուրքախոս իրանցիներ»,- այսօրվա մամլո ասուլիսում ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը՝ խոսելով Ադրբեջանի պատգամավորներից մեկի առաջարկի մասին, այն է՝ Ադրբեջանը կոչել Հյուսիսային Ադրբեջան, քանի որ համաշխարհային առումով կա նման պրակտիկա՝ Հյուսիսային և Հարավային Կորեա, Հյուսիսային և Հարավային Կիպրոս: Ադրբեջանն էլ որպես տարանջատված պետություն նպատակահարմար կլինի անվանել Հյուսիսային Ադրբեջան»:
Նմանատիպ հայտարարություններով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ Ադրբեջանը բաժանված է երկու մասի՝ հարավային Ադրբեջան, որն Իրանի Ատրպատական նահանգն է, որը բնակեցված է թյուրքախոսներով: «Այսինքն՝ իբր երկու ժողովուրդներին բաժանել են իրարից, և եթե մեր երկիրը կոչենք Հյուսիսային Ադրբեջան, ապա չենք հրաժարվում Հարավային Ադրբեջանից: Կանենք ամեն ինչ, որ երկու Ադրբեջանները միանան, որը ես լուրջ չեմ կարող գնահատել»,- պարզաբանեց ադրբեջանագետը:
Ասուլիսի մյուս բանախոս իրանագետ Ռոման Սմբատյանի տեղեկացմամբ մեր ԶԼՄ-ը սխալ է գործածում ազերի կամ ազարի տերմինը: «Ադրբեջանի տարածքում ազարի գոյություն չունի, քանի որ ազարիները իրանացի ատրպատականցիներն են եղել, որոնց կոչում են ատրպատականցիներ կամ թյուրքախոս ազարիներ»,- պարզաբանեց իրանագետը:
Ինչ վերաբերում է Իրանի արձագանքին՝ կապված Հյուսիսային Ադրբեջանի կոչմանը, իրանագետի խոսքով՝ սա Իրանում կիրառվող պատմական իրական տերմինաբանության պատախանն է, մասնավորապես Իրանի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետը վերջին ամիսներին Ադրբեջան անվան փոխարեն օգտագործում էր Առան տերմինը:
Երկու բանախոսները համակարծիք են, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները լարված են, ավելին, ինչպես տեղեկացրեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը, Ատրպատականում, Թավրիզում Բաքվի հյուպատոսությունը բավական ակտիվ է աշխատում, բնականաբար տեղացիների մեջ սերմանելով հակահայկական տրամադրություններ, թեև Իրանն իր կողմից փորձում է ինչ-որ քայլեր ձեռնարկել, բայց պանթյուրքիստական շարժումը շատ հզոր է, որը փորձում է խաթարել Հայաստան-Իրան հարաբերությունները:
Այս ամենին դիմագրավելու համար ադրբեջանագետի խոսքով՝ անհրաժեշտ է, որ հայկական կողմն ակտիվ աշխատի Իրանում՝ Թավրիզում բացի հայկական հյուպատոսարան, Ատրպատականում ստեղծել հեռուստաալիքներ, որոնք յուրօրինակ կերպով կհակադարձեն ադրբեջանական հակահայկական քարոզչությանը:
Բանախոսներից հետաքրքրվեցինք՝ իսկ Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի աջակցությունն Ադրբեջանին նկատելի՞ է, թե ոչ, բանախոսները համաձայնեցին՝ ասելով, որ թուրքական հատուկ ծառայություններն ակտիվ աշխատում են Իրանում:
Mardik.am-ի հաջորդ հարցը վերաբերում էր Իրանի և Ադրբեջանի տնտեսական հարաբերություններին, մասնավորապես արդյոք դրանք համահունչ են այս պահին առկա երկու երկրների քաղաքական փոխհարաբերություններին: Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի խոսքով՝ ընդունված այն կարծրատիպը, թե Իրանը միշտ օգնել է Հայաստանին և խանգարել Ադրբեջանին, չի համապատասխանում իրականությանը, քանի որ համեմատելով Իրան- Հայաստան և Իրան- Ադրբեջան տնտեսական համագործակցության ծրագրերը, նկատելի է, որ Իրանն Ադրբեջանի հետ տնտեսական ավելի խոշոր ծրագրեր է իրականացնում:
Եզրափակելով ասուլիսը՝ երկու բանախոսներն էլ վստահ են, որ Ադրբեջանի գոյությունը չի բխում Իրանի շահերից:
Friday, February 17, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment