Wednesday, February 29, 2012

Կարո՞ղ է արդյոք Սարկոզին ցեղասպանությունների մասին նոր օրենք ներկայացնել. իրավաբանի մեկնաբանություն

News.am. 29-2-2012- Ֆրանսիայի նախագահի համար դժվար կլինի, անգամ անհնար, մինչեւ խորհրդարանական նստաշրջանի ավարտը` մարտի 6-ը, ներկայացնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նոր նախագիծ: Նման կարծիք է հայտնել Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (Sciences-Po) պրոֆեսոր, սահմանադրագետ Գիյոմ Տյուսոն, տեղեկացնում է «Rue89» ֆրանսիական կայքը: «Խորհրդարանական ընթացակարգով նա ժամանակ չունի: Նա կարող էր ուրիշ օրենքում փոփոխություններ առաջարկել, սակայն Սահմանադրական խորհուրդը քննադատության կենթարկեր դա: Միակ որոշումն այն է, որ առաջիկա ժամերի ընթացքում ներկայացվի նոր օրինագիծ, որն անմիջապես կներառվի օրակարգ եւ կքննարկվի հրատապ ընթացակարգով»,-նշել է պրոֆեսորը: Ինչ էլ լինի, եթե այդ օրենքը չընդունվի էլ, այն, ըստ նրա, «կգոհացնեի բոլորին». «Դա թույլ կտա հայտարարել օրինագծի մասին, միաժամանակ զրկելով իրավաբանական հետեւանքներից: Քաղաքական ճակատում կառավարությունը կարող է հայտարարել, թե արել է ամեն ինչ` օրինագիծն ընդունելու համար, սակայն դարձել է Սահմանադրական խորհրդի գրաքննության զոհը»: Տյուսոն «հնարավոր» է համարում այն, որ «ինչ-որ մեկը նախատեսել է» օրենքի նման տապալման սցենարը, որը կպահպաներ քաղաքական հայտարարության էֆեկտը` միաժամանակ չեղյալ համարելով նրա իրավական նշանակությունը: «Սա առաջին դեպքը չէ: Օրինակ, 1982թ-ին խորհրդարանն ընդունել էր տեղական ընտրություններում հարաբերակցության մասին օրենք: Այնուհետեւ որոշ խորհրդարանականներ դիմեցին Սահմանադրական խորհրդին, որն էլ գրաքննության ենթարկեց այն»,-նշել է նա` ավելացնելով, որ այն ժամանակ Ֆրանսուա Միտերանը կառավարությանը չխնդրեց նոր նախագիծ ներկայացնել:

No comments: