Thursday, February 23, 2012

Մինսկի խումբը գործող միակ ձևաչափն է. ԱՄՆ պետդեպ

HayNews.am. 21-2-2012- ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինը ադրբեջանական Ազեր Թաջ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «ԱՄՆ կառավարությունը մտադիր չէ մատնացույց անել Արցախի վերաբերյալ իր դիրքորոշումներում որևէ փոփոխություն: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների մթնոլորտի բարելավմանը`այդ հարցում առաջընթացներ գրանցելու համար: Եվ դա խոսում է այն մասին, որ մենք չենք կարող պաշտպանել կողմերից որևէ մեկին: Մենք փորձում ենք անել այնպես, որ նրանց օգտագործած արտահայտությունները կողմերի միջև հակասություններ չստեղծի, այլ մոտեցնի միմյանց»: «Մենք հավատացած ենք, որ Մինսկի խումբը գործող միակ ձևաչափն է, որն ի զորու է զարգացնել պայմանավորվածության հասնելու գործընթացը: Այս ողբերգական իրադրությունում ստատուս-քվոյի պահպանումն անթույլատրելի է: Մենք ամբողջապես մերժում ենք ստատուս-քվոն»,-ըստ ադրբեջանական կայքի` հավելել է պետքարտուղարի օգնականը:

No comments: