Thursday, February 23, 2012

Մնացել ենք "հարմարվածներո՞վ"

Report.am. 21-2-2012- Նախ սկսենք հարցից, թե ով է մնացել Հայաստանում: Ընդ որում` հարցի ամենալայն իմաստով: Քաղաքականության մեջ, օրինակ, մնացել են բազմաթիվ հանրապետականներ, էլի բազմաթիվ"բարգավաճներ", մի խումբ"օրինացներ", կան շատերը, որոնք"ՀԱԿա" են,"ժառանգորդ" են ավելի քչերը, դաշնակցական են` "ինչպես միշտ", վերջերս անգամ առաջացավ մի նոր խումբ`"ազատ դեմոկրատներ", որոնք, ճիշտ է, դեռ շատ քչերին են հայտնի: Իհարկե կարելի է առանձնացնել նաև երկու խումբ կումունիստների, անհատ քրիստոնեա-դեմոկրատների, ուղղակի` դեմոկրատների, որպես դեմոկրատ բառի հայերեն թարգմանություն` ժողովրդավարների, նույնիսկ` ժողովրդականների, ԱԻՄ-ականներ էլ կան: Ու ամենակարևորը, թերևս, շերտը` մարդիկ, որոնք կամ գիտեն բոլոր այս վերոհիշյալ խմբերի մասին, կամ էլ չգիտեն, բայց երկու պարագայում էլ` առանձնապես չեն էլ հետաքրքրվում նրանց որպիսությամբ կամ ինչ անելով: Օրինակ, ունենք շատ քիչ թվով, բայց շատ-շատ հարուստներ, որոնցից, անշուշտ, շատ քչերը առնչություն ունեն վերոհիշյալ"բարգավաճների" հետ, ինչ-որ անհասկանալի թվով "միջին խավ", մեծ խմբով աղքատներ, ու ծայրահեղ աղքատներ: Ընդ որում` մեր աղքատներն ունեն մի ուշագրավ առանձնահատկություն. շատերը նրանցից, չնայած ՄԱԿ-ի չափման սանդղակով աղքատ են, դեռ մի բան էլ ավելի, սակայն, իրենք չգիտեն այդ մասին ու չեն էլ խոստովանում, որ աղքատ են, այլ կերպ ասած` հարմարված ապրում են: Հենց այստեղ արդեն պարզվում է Հայաստանում այսօր մնացած ժողովրդի հասարակական-հոգեբանական առանձնահատկությունները. մարդիկ, որոնք հարմարված ապրում են, ու այս խումբը ավելի շատ է, քանի հանրապետականներն ու "բարգավաճները" միասին վերցրած, և մարդիկ, որոնք պարբերաբար պայքարում են, օրինակ` կանաչ տարածքների պահպանման, ազատ ու արդար ընրությունների անցկացման համար կամ օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ: Այս ամենը` մեր դիտարկումներով. իսկ "Սոցիոմետր" կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը շատ ավելի գիտական մակարդակով պարզել է, որ Հայաստանում այսօր մնացել են բացառապես "հարմարվածները", որոնք "վախենում են որևէ փոփոխությունից: Իսկ բողոքավորները, "աբիժնիկներն" արդեն Հայաստանում չեն": Այս առումով Ադիբեկյանն անգամ չինական անեծքը հիշեց. "Թող որ ապրես փոփոխությունների ժամանակաշրջանում": Ուրեմն հենց այս մնացածներով էլ պետք է առաջիկա մայիսին գնանք խորհրդարանական ընտրությունների: Տրամաբանորեն, եթե մեկը հարմարված ապրում է, ու չի ուզում, վախենում է ցանկացած տիպի փոփոխություններից, իսկ Հայաստանում, ինչպես վերը նշեցինք, Ադիբեկյանի խոսքերով հենց միայն այս մարդիկ ենք մնացել, ապա իմաստազրկվում է նաև ընտրություններին մասնակցելը: Քանի որ, սովորաբար ընտրությունների գնում են ոչ թե իշխանություններին` շնորհակալություն հայտնելու, այլ` իշխանությունները, կամ որևէ բան փոխելու համար: Մինչդեռ, նույն Ադիբեկյանի խոսքով, այսօրվա դրությամբ քաղաքական անցուդարձին հետևում են հարցվածների 60 տոկոսը, 15 տոկոսը`"դեռ չի հետևում", այսինքն` շատ հնարավոր է, որ կհետևի, իսկ 25 տոկոսն ընդհանրապես չի հետաքրքրվում քաղաքական անցուդարձով: Ընդ որում, մեզանում, ըստ սոցիոլոգի, հասարակությունը հետաքրքրվում է ոչ թե քաղաքական ուժով, կուսակցությամբ, այլ տվյալ ուժի ղեկավարով: Այսինքն, Ադիբեկյանի հարցումների համաձայն, մեր բնակիչների 31 տոկոսը գիտի, թե որ քաղաքական ուժերն են մասնակցելու ընտրություններին, 32.6 տոկոսը գիտի, թե տվյալ կուսակցության ղեկավարն ով է, սակայն միայն 4.6 տկոսն է ամբողջովին ծանոթ տվյալ քաղաքական ուժի նպատակներին կամ ծրագրերին ու գաղափարախոսությանը: Ստացվում է, ուրեմն, որ ինչպես ավելի վաղ նկատել ենք, անգամ լրիվ համամասնական ընտրակարգով ընտրությունները մեզանում կընթանան ըստ էության մեծամասնական սկզբունքով: Սակայն շատ ավելի ուշագրավ է Ադիբեկյանի հարցման հետևյալ կետը: Պարզվում է, որ հարցվածների 16.6 տոկոսը (իսկ սա մեծամասնությունն է) համոզված է, որ ՀՀԿ-ի ներդրումը մեծ է` որպես կայունացնող ուժ, ու միայն 3.3 տոկոսն են համոզված, որ ՀՀԿ-ն "աշխարհի" ամենաապակայունացնող կուսակցությունն է: ԲՀԿ-ին ամենակայունացնողը ճանաչել է հարցվածների 11.1 տոկոսը, իսկ 0.3 տոկոսի կարծիքով` ԲՀԿ-ն ապակայունացնող ուժ է: Օրինակ ՀԱԿ-ի պարագայում հարցվածների 4.1 տոկոսի համոզմամբ` մենք խոսում են ապակայունացնող ուժի մասին, և միայն 0.4 տոկոսը վստահ են, որ հենց ՀԱԿ-ն է կայունացնող ուժը: Ուշագրավ է, որ խորհրդարանական ընդդիմությունից այս ցուցակում կա միայն ՀՅԴ-ն: Հարցվածների 1.7 տոկոսը վստահ է, որ Դաշնակցությունը կայունացնող ուժ է, 0,9 տոկոսի կարծիքով` ապակայունացնող: Փաստորեն ստացվում է, որ կայունացման մեջ առավել մեծ է ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի դերը, ասել է թե հասարակությունը, համենայն դեպս` Ադիբեկյանի ուսումնասիրած հասարակությունը, երկրի ամենաազդեցիկ ու վճռորոշ քաղաքական ուժեր որպես ընկալում է` ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին, ինչը նշանակում է, որ գալիք ընտրություններում պայքարը գնալու է հենց այս կուսակցությունների միջև: Այս կապակցությամբ Ադիբեկյանը նկատում է."Եթե ԲՀԿ-ն կազմի մեծամասնություն, ինչը կարող է, շատ բան կփոխվի, բայց եթե մնա երկրորդը, բայց երբեք չի լինի` երրորդը, ապա ստիպված կլինի նոր կոալիցիայի մեջ մտնել, եթե ցանկանում է մնալ իշխանության մեջ": Այստեղ, սակայն մի նրբություն կա, եթե իրոք մեր կողմնորոշված հասարակության համար գլխավոր ուժերը ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են, այսինքն այսօր իշխանություն իրականացնող ուժերը, հետևաբար, եթե մեր հասարակությունը, լինելով"հարմարված ու փոփոխություններին դեմ", զգալի տոկոսով գնալու ու մասնակցելու է ընտրություններին (շուրջ 60 տկոսով, ըստ Ադիբեկյանի), ապա ինչու՞ մեր այս նույն հասարակության 40 տոկոսը վստահ են, որ կլինեն ընտրական լուրջ խախտումներ, 36.6 տոկոսը համոզված է, որ լինելու են թեթև խախտումներ, և միայն 17 տոկոսն է վստահ, որ կլինեն համեմատաբար արդար ընտրություններ: Այսինք մեր հասարակությունը չի՞ վստահում գլխավոր կայունացնող ուժերին… Եթե ոչ, ապա ինչպե՞ս մեր այս նույն հասարակությունը գալիք ընտրություններին, այսօրվա տվյալներով 39 տոկոս ձայն է տալու ՀՀԿ-ին, 36` ԲՀԿ-ին, դեռ 5.1 տոկոս էլ` ՕԵԿ-ին: Այս հարցերի պատասխանները, թերևս, իմանա միայն Ադիբեկյանը, որը սակայն պատասխանում է."Բողոքավորներն ու "աբիժնիկները" Հայաստանից գնացել են…", մինչդեռ առանց բողոքավորների "Առաջ, Հայաստան" չի լինում, լինում է`"Տեղում` Հայաստան": ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: