News.am. 26-2-2012- Այսօրվա դրությամբ Եվրահանձնաժողովը չունի անհրաժեշտ ռեսուրսներ` նոր արտաքին քաղաքական գծի մշակում եւ իրականացում նախաձեռնելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄՊՀ հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական կանխատեսման ծառայության ղեկավար Ալեքսանդր Կարավաեւը: Ըստ նրա` դա հատկապես ակնհայտ է, երբ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին:
«Ավանդաբար ստացվել է, որ Եվրամիությունը Հարավային Կովկասում գործընթացներին մասնակցում է առանձին երկրների` մասնավորապես Ֆրանսիայի, Գերմանիայի միջոցով: Ձեւավորված կոնյունկտուրան փոխելու համար Եվրամիությանն անհրաժեշտ է ժամանակ, ռեսուրսներ եւ ցանկություն: Միաժամանակ` այսօր ԵՄ-ն զբաղված է ներքին, իր համար առավել ցավոտ խնդիրների լուծմամբ»,-նկատեց Կարավաեւը:
«ԵՄ արտաքին քաղաքականությունը հիմնականում զբաղված է այս կամ այն նախագծերն առաջ տանելու լոբբիզմով: Օրինակ, հայտնի է, որ ԵՄ-ն միջոցներ է հատկացնում որոշակի երկրներում տարբեր տեսակի բարեփոխումների` վարչական, կառավարման համակարգերի վերակազմակերպման, իրավապահ մարմինների աշխատանքների բարելավման համար: Ներկայումս ԵՄ-ն սահմանափակվում է դրանով»,-նշեց զրուցակիցը:
Ինչ վերաբերում է մամուլում ի հայտ եկած այն տեղեկատվությանը, թե ԵՄ-ն ցանկանում է առանց նախապայմանի մուտք ստանալ Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաեւ ընդլայնել դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, Կարավաեւը համարեց մասնավոր կարծիք. «Քանի որ աղբյուրն անհայտ է մնում, հակված եմ համարելու, որ դա առանձին պաշտոնյայի կամ նեղ շրջանակի կարծիք է այն մասին, թե գաղափարական առումով ինչպես պետք է լինի»,-նկատեց նա:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում աշխատող թղթակից Ռիկարդ Յոզվյակին հայտնել էր, թե Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, ասել է, որ ԵՄ-ն ուզում է «առանց նախապայմանների մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ»:
«Եվրամիությունն ուզում է ընդարձակել իր դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Սա չի նշանակում, թե նրանք ուզում են փոխարինել Ֆրանսիային, նրանք չեն ցանկանում այդչափ հեռու գնալ, սակայն Եվրամիությունն ուզում է ավելի ակտիվ լինել մի շարք հարցերում, ասենք՝ երկու ժողովուրդների միջեւ վստահության ամրապնդման, ականազերծման եւ այլն... Իսկ որ ամենակարեւորն է՝ Եվրամիությունն ուզում է առանց նախապայմանների մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ, եւ սա նորություն է», - փոխանցում է Ռիկարդ Յոզվյակը՝ դիվանագետի հետ ունեցած զրույցից։
Եվրամիությունը փաստորեն ուզում է, որ իր դիվանագետները, ներկայացուցիչներն անարգել, առանց Ադրբեջանի իշխանություններից թույլտվություն հայցելու մուտք ունենան Ղարաբաղ՝ պատճառաբանելով, թե ԵՄ-ն չի կարող լոկ դիտորդի դեր ստանձնել այս հարցում։
Monday, February 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment