Tuesday, February 28, 2012

«Ադրբեջանը փորձել է ԼՂՀ հարցը լուծել հօգուտ իր շահի». Կ.Սիրունյան

Mardik.am.28-2-2012- «Սումգայիթյան ջարդերն իրոք կազմակերպվել են ոչ թե մի խումբ ավազակների կողմից, այլ այդ եղեռնագործությունը կազմակերպվել է պետական մակարդակով»,-այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Կարեն Սիրունյանը: Նա մեկ անգամ ևս փաստեց, որ ադրբեջանցիների վայնասունը, թե իբր Խոջալուի դեպքերը կազմակերպել են հայերը, չեն համապատասխանում իրականությանը: Նա նշեց, որ դեռևս բուն մարտական գործողություններից առաջ, հայկական կողմն արդեն տեղեկացրել էր, որ խաղաղ բնակչությունը պետք է տարհանվի: «Երբ ադրբեջանական իշխանությունների կլանները ժողովրդին միտունավոր թողել էին բախտի քմհաճույքին, փոխանակ օգտվելով այն բանից, որ հայկական կողմը թույլ էր տվել բնակիչներին տարհանելու, չգիտես ինչու, ճանապարհին դաժանաբար սպանել էին իրենց ազգակիցներին, մեղքը բարդելով հայերի վրա»,-ասաց նա հավելելով, որ չկան այնպիսի տվյալներ, թե մինչև 1993 թ. Աղդամը ազատագրված է եղել հայկական զինված ուժերի կողմից: «Այն գտնվել է հակառակորդի կողմում, հետևաբար տեղեկություններն այդ մասին հանվել են, սակայն դրանց մասին ավելի վաղ վկայակոչել են բազմաթիվ պետական պաշտոնատար անձինք` Մութալիբովը, Ադրբեջանի ազգային անվտանգության ղեկավար Հուսեյնովը: Բացի այդ կան նաև շատ փաստեր ու այլ տեղեկություններ»,-ասաց նա, նկատելով, որ հանդես գալով զոհի դերում, Ադրբեջանը փորձում է ոչ միայն միջազգային հանրության աչքից գցել Հայաստանին, այլև ավելին`ցեխ շպրտել նաև Հայոց ցեղասպանության վրա: «Եթե դա համապատասխաներ իրականությանը, ապա Ադրբեջանի «լավ ախպեր» Թուրքիան առիթն օգտագործելու համար կհաստատեր այդ բանաձևն ավելի վաղ, քան ընդունվեց: Սկզբում, երբ այն իր մեջ ներառում էր «ցեղասպանություն» բառը, թուրքերը մերժեցին, իսկ հետո հայկական լոբբիի վրա ճնշում գործադրելու նպատակով, ընդունեցին իբրև«կոտորած»»,-ասաց նա հավելելով, որ օգտագործելով Սումգայիթում, Կիրովաբադում, Մարաղայում Ադրբեջանի կողմից իրականացված ջարդերը, Հայաստանին ներկայացնելով որպես «ագրեսոր» փորձել են նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը լուծել հօգուտ Ադրբեջանի:

No comments: