Saturday, February 18, 2012

Պակիստանը խոստացել է պատերազմի սկսման դեպքում պաշտպանել Իրանին

Tert.am. 17-2-2012- Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հայտարարել է, որ Իրանի վրա ռազմական գրոհի դեպքում պաշտպանելու է իսլամական այդ երկրին: Ինչպես հաղորդում է իրանական Press TV հեռուստաընկերության կայքը, Զարդարին նման հայտարարությամբ հանդես է եկել Աֆղանստանի և Իրանի առաջնորդների հետ ունեցած հանդիպումից հետո Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ–ի հնարավոր հարձակման մասին լուրերը ԶԼՄ–ներում տարածվեցին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ)՝ Իրանի մասին վերջին զեկույցի հրապարակումից հետո։ Զեկույցում նշվում էր այն մասին, որ Իրանը «մոտ է միջուկային զենքի ստեղծմանը»։ Զեկույցի հրապարակումից հետո բրիտանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե այդ հարձակումը հնարավոր է՝ տեղի ունենա մինչև 2011թ. դեկտեմբերի 25–ը։ Վերջերս ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան կարծիք էր հայտնել, որ Իսրայելն Իրանի վրա կարող է հարձակվել այս տարվա գարնանը: Զարդարին հավելել է, որ Իսլամաբադը թույլ չի տալու, որպեսզի Իրանի և Պակիստանի միջև հարաբերությունները «դրսի ուժերի ճնշման ներքո» փչանան: Պակիստանի նախագահը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև կոնֆլիկտում «որևէ օգնություն» չի ցուցաբերելու ամերիկյան կողմին:

No comments: