Saturday, February 18, 2012

Արցախյան խնդիրն ունի մեկ լուծում. դա Արցախի պետության միջազգային ճանաչումն է

Mamul.am. 17-2-2012- Այսօր Ստեփանակերտում մեկնարկել է ''ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ և հեռանկարներ'' միջազգային գիտաժողովը` նվիրված ԼՂՀ հռչակման 20-ամյակին: Գիտաժողովին ելույթներով հանդես են եկել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և այլք: ՀՀ ԱԺ փոխնախագահը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին` մասնավորապես նշելով, որ Արցախի Հանրապետության անկախությունը հիմնավորված է ԽՍՀՄ օրենսդրությամբ և միջազգային իրավական նորմերով: ''Արցախը փաստացի անկախ պետություն է, որն իր անկախությունը նվաճել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիոն պատերազմում և ի տարբերություն Ադրբեջանի` կառուցում է պետություն, որը, ինչպես նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա'',- ասել է պարոն Շարմազանովն` ընդգծելով, որ բոլորիս ջանքերը պետք է ուղղվեն Արցախի միջազգային ճանաչմանը: Նրա խոսքով` վերջին զարգացումները ցույց են տվել, որ աշխարհում ընթանում է ազգերի ինքնորոշման իրավունքի հաղթարշավ` Հարավային Սուդանի և Արևելյան Թիմորի օրինակով: ''Համոզված եմ, որ արցախյան խնդիրն ունի մեկ լուծում. դա Արցախի պետության միջազգային ճանաչումն է'',- իր ելույթում նշել է ԱԺ փոխխոսնակը:

No comments: