Friday, February 17, 2012

ԱՄՆ-ում թուրք ժխտողականի ելույթի ժամանակ շատերը մեջքով են շրջվել դեպի հռետորը

News.am. 17-2-2012- ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Կալիֆոռնիայի մասնաճյուղի համագումարում Հայոց ցեղասպանությունը ժխտող եւ «Երիտթուրքեր» շուի հիմնադիրներից Ջենք Ույգուրի ելույթը բողքի է հանդիպել: Նա հանդես է եկել Առաջադիմական խմբակցության նիստում: Ինչպես գրում է «Asbarez»-ը, մինչ այդ, Ամերիկայի հայ ազգային կոմիտեն եւ Հարավային Կալիֆոռնիայի հայ դեմոկրատները բողոք են ներկայացրել Դեմոկրատական կուսկացությանը` հայտնի ժխտողականին ամբիոն տրամադրելու համար: Կուսակցության հայ եւ հույն պատվիրակները հարց են բարձրացրել Ույգուրի ծրագրի անվան վերաբերյալ` «Միություն եւ առաջընթաց», որն ակնարկում է երիտթուրքերին, որի պարագլուխներն էլ իրականացրել էին Հայոց ցեղասպանությունը: Մտահոգութուն է հայտնվել նաեւ Ույգուրի հոդվածի առնչությամբ, որում նա հետեւյալ հայտարարությունն է արել. «Հայոց ցեղասպանության վերաբերյալ պնդումները պատմական փաստերի վրա հիմնված չեն: Եթե ուսումնասիրում ենք այդ ժամանակաշրջանի պատմությունը, ակնհայտ է դառնում, որ նման ցեղասպանություն իրականում չի եղել»: Առաջադիմական խմբակցության նախագահը հաստատել է իր կազմակերպության աջակցությունը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւերին, սակայն հրաժարվել է չեղյալ համարել Ույգուրի հետ ելույթի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչն էլ հանգեցրել է կոլեկտիվ ցույցի եւ դժգոհության: «Հարավային Կալիֆոռնիայի հայ դեմոկրատներ», «Ամերիակայի հայ ազգային կոմիտե», «Կալիֆոռնիայի հայ-ամերիկյան ժողովրդավարներ», «Ամերիկայի հայկական խորհուրդ» եւ «Սան Գաբրիելի հայ դեմոկրատներ» կազմակերպությունների ներկայացուցիչները բաժանել են Ույգուրի` որպես ժխտողականի, դիրքորոշման մասին գրականություն: Ույգուրն սկսել է խոսքը` ասելով, թե վատ մտադրություն չի ունեցել իր ծրագրի անվանման առումով: Նա նաեւ հայտարարել է, թե հայերին չի ատում, եւ անգամ նրա ծրագրի վարողներից մեկը հայուհի է ` Անա Կասպարյան: Իր նախորդ դիտողություններին անդրադառնալուց նրա հրաժարումը հայ-ամերիկյան խմբերի բողոքն է հարուցել. ոմանք լքել են դահլիճը, իսկ ոմանք հռետորի ելույթի ժամանակ մեջքով են շրջվել դեպի նա: Շատ պաշտոնատար անձինք իրենց աջակցությունն են հայտնել բողոքին, այդ թվում` ասամբլեայի անդամ Չակ Կալդերոնը եւ կոնգրեսական Ջենիս Խանը:

No comments: