Thursday, February 2, 2012

Երկիրը թալանող գող-ավազակը կարող է իրեն բարոյական համարել...

HayNews.am. 1-2-2011- Զրույց ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հետ ավանդույթների, բարոյականության ընկալման,կին-տղամարդ հարաբերության մեջ առկա «ապրանքային մոտեցման» մասին. -Ինչ կասեք ավանդույթների մասին.. տպավորություն է, որ մարդիկ իրենց անտեղյակությունը, կենսակերպը, անճաշակությունը ավանդույթի վրա են բարդում... -Ավանդույթները պահպանողական են և ունեն թելադրող բնույթ: Ավանդույթը փոխելու միակ ճանապարհը ճիգ գործադրելն է, իսկ անհատը կարող է ճիգ գործադրել, երբ մտածում է իր էսթետիկական ճաշակի զարգացման մասին, մտածում է, որ արժե այցելել թանգարաններ, դիտել տարբեր գեղարվեստական գործեր, կարդալ տարբեր գրքեր,լինել քաջատեղյակ այսօր ընթացող գործընթացներին :Երբ մարդն աշխատում է իր վրա,նա չի կարող ավանդույթին դեմ չգնալ, որովհետև անկախ ամեն ինչից սկսում է աշխարհը պատկերացնել տարբեր, քան ավանդույթն է ասում: Օրինակ, ավանդույթով ասվում էր,որ աշխարհի կենտրոնը երկիրն է ,ամեն ինչ պտտվում է երկրի շուրջ… եկավ մարդ,որը իր անհատական հետաքրքրությունը բավարարելու համար սկսեց զարգացնել իր ունակությունները և հայտնաբերեց,որ այդպես չէ.երկիրն է պտտվում արևի շուրջ: Փաստորեն,ավանդույթին դեմ գնալով, ասեց նոր բան… մարդու մոտ երբ է ավանդույթին դեմ գնալու մղում առաջանում, երբ ասելիք ունի: Ասելիք չունեցող մարդը ենթարկվում է ավանդույթին: Ինչու եմ ասում,որ մեր երիտասարդությունը չունի մտքի թռիչք, որովհետև չի ուզում նոր մտքերին ընդառաջ գնալ,չի ուզում աշխարհը նորովի ճանաչել: Ավանդույթը փոխվում է միայն նման ձգտում ունեցող մարդկանց միջոցով,ովքեր մտքով ճանպարհորդներ են ,ովքեր ընդհանրապես ճանապարհորդներ են, ովքեր ուզում են իմանալ ինչ կա 7 սարից, 7 ծովից այն կողմ…հեքիաթներում ինչպես էր` միշտ փոքր տղան ավանդույթին դեմ էր գնում, ժառանգությունից զրկվում էր, հայրը թագավորությունը տալիս էր մեծ տղային, իսկ նա գնում էր տեսներ`յոթ սար, յոթ ծով այն կողմ ինչ կա… -Իսկ ինչպիսին է բարոյականության ընկալումը մեր հասարակությունում: -Բարոյականությունը էականորեն կապված է չարի ու բարու գաղափարի հետ: Խնդիրն այն է,թե ինչն են մարդիկ համարում չար և ինչը` բարի . դա էլ գալիս է ճշտի և սխալի գաղափարից: Այսինքն` ինչն են մարդիկ համարում ճիշտ և ինչը`սխալ: Երբ հասարակությունը ճշմարտության մասին իր պատկերացումները չի փոխում, չի փոխում նաև բարոյականության մասին իր պատկերացումները և ինչպես որ ստեղծվել էր ադաթով, այդպես է շարունակվում է..իսկ ադաթով ասվում էր,որ օրինակի համար ճիշտ է, երբ աղջիկը մինչև ամուսնանալը տանից դուրս չի գալիս:Մեր մարզային քաղաքներում աղջիկները, եթե ինչ-որ տղայի հետ 15 րոպեից ավել կանգնեն փողոցում,ապա ամուսնանալու հնարավորությունը աստիճանաբար կնվազի, քանի որ խոսակցություններ են տարածվում,որ ման եկող է: Այսպիսի կարծրատիպերը շատ են : Ինչու եմ շեշտադրումը տանում անձնական կյանքի ոլորտ, որովհետև մեր հասարակության բարոյական չափանիշները հենց այդտեղ են գտնվում (չափից դուրս սեքսուալացված են բարոյական չափանիշները): Բարոյականությունը կապվում է մարդու անձնական կյանքում իր պահվածքի հետ, չի կապվում մարդու հանցագործ լինել կամ չլինելու հետ: Մարդը կարող է թալանել երկիրը, գող- ավազակ լինել, բայց իրեն չեն համարի անբարոյական, անբարոյական կհամարեն այն դեպքում ,երբ վերջինս խախտի հասարակության պատկերացումներում արմատավորված սեռական տաբուները: Կարծում եմ՝ այդ փուլը պետք է հաղթահարել և բարոյական- անբարոյականը լինելը պետք է կապել նրա հետ, թե ինչն է մարդուն երջանկացնում և ինչն է դժբախտացնում: Այսինքն, բարոյականություն առանցքում պետք է դրվի մարդու երջանկությունը: Եվ եթե կան բաներ, որոնք ուղղված են ընդդեմ երջանիկ կյանքի, դրանք պետք է համարել անբարոյական, բարոյական պետք է համարել այն ամենը, ինչը մարդուն երջանկացնում է: -Կին-տղամարդ հարաբերության մեջ «գնահատվում են» ապրանքային որակները. կնոջ համար կարևորվում է տղամարդը` որպես նյութական ապահավությունը երաշխավորող, տղամարդու համար կինը ` որպես սերունդը շարունակելու, տնային տնտեսությունը,կենցաղը կազմակերպելու հարմար միջոց.. ինչ է հարկավոր ապրանքային այս հարթությունից հոգևորի անցնելու համար: -Ապրանքային ընկալման պատճառն այն է,որ մարդիկ չեն ընկալում միմյանց որպես մարդ:Մարդիկ իրար մեջ ոչ թե անհատականությունն են տեսնում,այլ ապրանքային որակը : Երբ կինը ընտրում է տղամարդ, ընտրում է ամուսնության համար և ոչ երջանկության: Երջանկությունը կարող է ուղեկցի ամուսնությանը, կարող է չուղեկցի, կարող է նույնականացվի նյութապես բարեկեցիկ ընտանիքում ապրելու հետ: -Ինչպես է կինը ընտրում տղամարդ: -Կինը ընտրում է տղամարդուն որպես իրեն ձեռնտու ապրանք: Ապրանք,որը կերաշխավորի իր ապահովությունը: -Տղամարդն ինչպես է ընտրում: -Տղամարդն էլ ունի ապրանքի վերաբերյալ իր պատկերացումները.որպես սպառող նախընտրելի է, որ կինը լինի սեքսուալ առումով բավականաչափ հետաքրքիր.այիսնքն շատ տգեղ չլինի, բայց շատ գեղեցիկ էլ չլինի (ավանդական մոտեցումն եմ ներկայացնում որը աստիճանաբար զիջում է իր տեղը): Շատ երիտասարդներ գտնում են,որ կինը պետք է շատ սիրուն չլինի, որովհետև շատ սիրուն եղավ աչք կծակի, նայողներին անընդհատ սաստել է պետք,այսինքն, որպես տղամարդ, քո ապրանքին տիրություն պետք է անես: Վտանգ կա, որ շատ սիրունը ուրիշ գնորդներ էլ կարող է ունենալ: Երկրորդը պետք ընտանիքում ճաշ եփելու, և այլ որակներ ունենա: Այս ընտանիքիներին պակասում է անհատականությունը և սիրո վրա հիմնված երջանակության կառուցումը: Այս առումով մեր ավանդական մոտեցումը կաշկանդում է անհատի ռեալիզացումը, բայց կարծում եմ,որ Հայաստանում նույնպես կան միտումներ, որոնք միայն այդ ապրանքային մոտեցման հիմքի վրա չեն ընտանիքը ձևավորում: Երբ կարդում եմ մեր ավանդական խնամախոսությունների տեքստերը՝ ամբողջովին ապրանքափոխանակություն է (ինչպես են գնում աղջիկ ուզելու): Ապրանքափոխանակությունը այն ժամանակ է տեղի ունենում, երբ մարդ դիմացինի մեջ չի տեսնում մարդու, իսկ դա մեզ մոտ դեռևս շարունակվում է: Տեսեք` մեր աղջիկները ինչպես են հագնվում. Իրենց ապրանքային որակները շեշտադրող աղջիկներ սեռական վարքի տեսանկյունից ազատ երկրներում չես տեսնի: Իրենց սեքսուլաությունը,իրենց մարմինը փողոցում ցուցադրող աղջիկները իրենց ցուցադրության են հանել որպես ապրանք և ըստ էության պահպանում են նաև իրենց ապրանքային այն որակը, որ կապվում է մեր ավանդական ընկալման`կուսության հետ: Ամուսանոցող աղջիկը, որպես ապրանք, պետք է նաև դա ունենա: Առաջին հայացքից հակասություն է ստացվում. մի կողմից այդ աղջիկը չափից դուրս ցցուն, նույնիսկ կասեի վուլգար ձևով մատուցում է իր սեքսուալությունը ,բայց մյուս կողմից շատ ավանդական ձևով պահպանում է կուսությունը: Մանե Գրիգորյան

No comments: