Wednesday, February 15, 2012

Բոլորս գիտենք, որ արքան մերկ է

Մեր զրուցակիցն է կինոռեժիսոր, Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը -Պարոն Խզմալյան, մինչ քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավ են իրականացնում, «Սարդարապատը» որոշել է չմասնակցել ընտրություններին: Արդյոք սա՞ էր միակ ճիշտ տարբերակը: -Որպես կինոռեժիսոր` ինձ հեշտ է խոսել պատկերային լեզվով: Այդ լեզվով ես կհամեմատեի իրավիճակը մերկ արքայի մասին հեքիաթի հետ: Բոլորս գիտենք, որ արքան մերկ է, դա գիտեն և արքայի պաշտոնակատարը, և արքունիքը: Տվյալ դեպքում մերկությունն այն է, որ Հայաստանում չկա ընտրություն, քանի որ չկան հիմնական պայմանները`խոսքի ազատությունը, հավաքների անցկացման, մտքի, խղճի, քաղաքացիական ազատությունները: Դա դեռ քիչ է, մենք օրերս լսում ենք, որ փորձում են օրինականացնել բանակի ոստիկանացումը, զինված ուժերի օգտագործումը ոչ թե արտաքին թշնամու, այլ ներքին իրենց հարցերը լուծելու, իշխանությունը պահպանելու համար: Աննախադեպ խայտառակություն, սահմանադրության ոտնահարում ամենակեղտոտ ձևով, բայց մենք տեսնում ենք, որ դեմ քվեարկողների թիվը զրո է: Այս պայմաններում միշտ պետք է լինի մեկը, երբեմն դա փսլնքոտ երեխա է, երբեմն քաղաքի գիժն է, երբեմն էլ մեզ պես մարդիկ են, որոնք իրենց պարտավոր են զգում ասել, որ արքան մերկ է: Այ սա է հիմա կատարվում: Իսկ թե ինչու է միայն Սարդարապատն այս մասին ասում, հասկանում եմ, ժողովուրդը ասում է նույնը, ինչ ասում է Սարդարապատը: Եթե ժողովուրդը ներկայացնող կամ դրա հավականությունները ունեցող քաղաքական կուսակցությունները դա չեն ասում, իրենց խղճի գործն է: -Իսկ ի՞նչ կարող է լինել ընտրություններին այլընտրանք: -Ընտրություններն այլընտրանք չունեն: Ընտրությունների այլընտրանքն այն է, ինչ մենք ունենք: Դա բռնապետությունն է, իսկ բռնապետությանն այլընտրանքն ընտրություններն են: Սակայն ընտրություններ բռնապետության օրոք չեն կարող կայանալ. ոչ մի երկրում, ոչ մի դեպքում իշխանությունից կառչած բռնապետությունը ընտրություններ թույլ չի տվել: Նա բեմադրել է քաղաքական աճպարարություններ` հանրաքվե, ինչպես Ադրբեջանում անցկացվեց, ընտրություն, ինչպես արվում է Հայաստանում 95-96 թթ. սկսած, որ իրականացվի հայաստանյան`«մեր դեմ խաղ չկա»-ն: Եթե իրենք այդքան ուզում են խաղալ իրենց խաղը, ուրեմն ընտրությունները կկայանան միայն այդ խաղն ավարտվելուց հետո: Բոլոր խաղասեղանները շուռ են տրվելու: Շուռ տվողը միշտ նույնն է`ժողովրդական անհնազանդությունը, սկզբից անվստահությունը, որն առկա է. ժողովուրդը և իշխանությունները խորապես կիսում են միմյանց հանդեպ նույն զգացմունքները. մենք զզվում ենք իրարից, մենք արհամարհում ենք իրար, իշխանությունները արհամարհում են ժողովրդին, ժողովուրդը` իշխանություններին կամ իշխանությունը զավթածներին: Հայաստանում գոյություն ունի խմբապետություն, որն արդեն15-16 տարի ուղղակի փոխանցում է իշխանության լծակներն իրար: Ուրեմն ընտրությունները կարող են կայանալ միմիայն բռնապետությունը տապալելուց հետո: Սա դասական, արդեն ձանձրալի թվացող ճշմարտություն է, բայց ճշմարտությունները չեն վերանում: -Իսկ ինչո՞ւ է դա ուշանում, չկա՞ն մեխանիզմներ: -Մի պատկերավոր օրինակ բերեմ. ամերիկյան հայտնի ֆիլմ կա փախչող հարսնացուի մասին. հարսնացուն անընդհատ կազմակերպում էր հարսանիքներ, շատ էր սիրում ամուսնանալ, բայց հենց պահը գալիս էր, նա եկեղեցուց փախչում էր, ինչպես Երևանում կասեն` բոլորին քցում էր: Մեզ մոտ իրականանում է նույն բանը: Վերջին երեք տարվա ընթացքում հարսանիքը սկսվել էր, նշանակել էին վայրը, ժամը, բավական հյուրեր էին եկել, և երբ «հարսանիքը» սկսվել էր, ամենակարևոր պահին հարսնացուն թե փեսացուն (թողնում եմ ձեր ճաշակին) ասաց` դե հիմա գնացեք տուն, մեկ ամսից նորից կհանդիպենք: Դա եղել էր 2008-ի մարտին, երբ հարսնացուն կամ փեսացուն ժողովրդին առանց ներկայանալու տուն ուղարկեց, թեև ամեն ինչ վերջացած էր: Դա կրկնվեց մեկ տարի առաջ` 2011-ի մարտի 1-ին, հետո մարտի 17-ին, իսկ բոլոր հյուրերը կամ հարսանիքի մասնակիցները ձանձրանում են նման բաներից և այլևս կարծիք են կազմում այդ փախչող հարսնացուի մասին: Այսինքն` չի կարելի ասել, որ ապստամբություն չկա: Ժողովուրդը միշտ պատրաստ է ապստամբությանը, որովհետև այսպես ապրել չի ուզում, բայց երբ ինչ-որ մեկն առաջնորդում է այս ամենը, նա կրում է պատասխանատվություն և պարտության, և հաղթանակի համար, նախևառաջ այն մարդկանց համար, ում կանչել, հրավիրել էր: Ընդ որում, երբ ասում են` ինչու դուք չեք անում, ուզում եմ ասել, որ հասարակության մեջ ամենամեծ գանձը քաղաքացիների միավորումն է, երբ այդ միավորումը կայանում է, երբեմն մենք հասկանում ենք, որ ունենք տարաձայնություններ, բայց ամենը թողնում ենք մի կողմ, և բարձր ենք գնահատում հենց այդ միավորումը, պոռթկումը, ընդվզումը: Դա նույնն է, եթե համեմատենք հարսանիքի հետ: Հարսանիքի ընթացքում ամոթ է գալ և ասել` գիտես, արի դու մի ամուսնացիր, ես քեզ կտանեմ խորանի մոտ: Այդպես ընդունված չէ: Մենք ընթացքում հենց հարսանիքավորների հետ ենք փորձում մեր տարաձայնություննները և մեր առաջարկները քննարկել, ասում ենք, որ խոսք տվեք մեզ, մենք կամ ձեզ ենք ասելու, կամ ժողովրդին ենք ասելու: Այս ամենն ընդամենը մեկ տարվա անցյալ է, բայց եթե ժողովրդավարությունն այսպիսի ավտորիտար մենաշնորհային ձևով չփորձեին իրականացնել, եթե ժողովրդավարությունը ժողովրդավարական ձևով գար Հայաստան, ապա մենք այսօր ուրիշ բաների մասին կխոսեինք, կխոսեինք արվեստից, ինչով ես զբաղվել եմ և հույս ունեմ զբաղվելու, կխոսեինք տնտեսությունից, իսկ հիմա մենք նորից ու նորից նույն բանի մասին ենք խոսելու, որովհետև հարսնացուն նորից փախել է: Ինչու չենք անո՞ւմ. հիմա մենք անում ենք, բայց այլ կերպ ենք անում. ժողովրդին հեշտ չէ հավաքել, և մենք չենք հավաքելու, տուն ուղարկելու համար: Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստում ենք համակարգային փոփոխության համար բոլոր անհրաժեշտ ինստիտուտները և տեսլականները` ինչպիսին պետք է լինի պետությունը, ինչպիսին պետք է լինի տնտեսությունը, Հայաստանի բնության վերաբերյալ քաղաքականությունը, դիվանագիտությունը և այլն: -Պարոն Խզմալյան, արդեն մի քանի տարի է Սարդարապատը գոյություն ունի, ինչո՞ւ այդ տարիներին չձևավորեցիք այդ ամենը, որ հիմա էլ ընտրություններին նախապատրաստվեիք: -Այն, ինչ մենք ասում էինք, այդպես էլ եղավ: Մենք ասում էինք` ոչ մի թիզ հող, մեզ ծաղրում էին և ասում` դուք մարգինալ եք: Հիմա բոլորն ասում են ոչ մի թիզ հող, ուղղակի այս ամենը գեղեցիկ անունով կոչում են ստատուս քվո: Մենք ասում ենք մադրիդյան սկզբունքներն անընդունելի են, բոլորն ասում էին` դուք ազգայանական և ծայրահեղական եք, հիմա բոլորը հրաժարվում են մադրիդյան սկզբունքներից: Մենք ասում էինք, որ հայ-թուրքական արձանագրությունները խայատառակություն են, դա ոչ միայն մենք էինք ասում, ասում էր ամբողջ ժողովուրդը, հատկապես սփյուռքը: Այնուամենայնիվ, մարդիկ հանեցին Արարատի խորհրդանիշը ֆուտբոլային խաղի ընթացքում և մարեցին Ծիծեռնակաբերդի լույսերը չնեղացնելու համար, այդ ամենը արվեց, և ստիպեցին մեզ խմել այդ խայտառակության գավաթը: Հիմա ոչ միայն մենք ենք դա ասում, այլ նաև Ֆրանսիան, Եվրոպան ոտքով-ձեռքով ասում է մեզ` մի արեք դա, մի գնացեք այդ արձանագրություններին: Ընդ որում, մարդիկ, որոնք մեզ հարսանիք էին կանչում, նույնպես ուզում էին և հայ-թուրքական մերձեցում, և Արցախի հանձնում, ընդ որում, ինչո՞վ էր ՀԱԿ-ի ղեկավարությունը իշխանությունից տարբերվում. եթե չոր նստվածքը վերցնենք, լինելու է նույնը, բայց հանձնված Արցախով: -Ասում են, որ այս ընտրություններն այլ կլինեն, լրագրողներ կլինեն խորհրդարանում, արդյոք հնարավո՞ր չէ լրագրողների միջոցով հարցեր բարձրացնել: -Ընդհանրապես, էվոլյուցիոն զարգացումը ամենացանկալի տարբերակն է, և դա կլիներ ընդունելի, եթե մենք լինեինք տասը միլիոն, եթե մենք չլինեինք պատերազմի սպառնալիքի տակ ապրող երկիր, եթե չլիներ աստվածաշնչյան ելիցի հասնող արտագաղթը: Այս խորհրդարանը կլինի տարբեր, կլինի ամենաարևմտամետ, հակառուսական խորհրդարանը, որովհետև դա որոշակի գործարքի արդյունք է, և նույնպես շատ վտանգավոր է, որովհետև արվում է գործարքի միջոցով, այլ ոչ թե ժողովրդի շահերից կամ իղձերից, բնազդից ելնելով: Սա վտանգավոր խաղ է մեր ազգային անվտանգության համար, և դա ևս մեկ պատճառ է` ինչու Սարդարապատը չի պատրաստվում մասնակցել այդ խաղին, այդ գործարքին: Սարդարապատը օր առաջ ձգտում է տապալել այս գործարքների ֆինանսական բուրգը: Ինչպե՞ս կարելի է ժողովրդին ստիպել մասնակցել դրան: Իսկ խորհրդարանը կլինի միայն դրանով տարբեր, իսկ մնացած առումներով, գուցե վզերի հաստությունը մի քիչ կպակասի… -Սերժ Սարգսյանն ասում է, որ ընտրություններն այս անգամ այլ կլինեն: -Երբ բռնապետը խոսում է ազատությունից, դա անգամ ծիծաղելի էլ չէ. նա խոսում է ամեն ինչից` հայրենադարձությունից, մեկ օր հետո հայրենադարձների են ձերբակալում: Նա խոսում է ազատություններից, և մյուս օրը բանակը ոստիկանացնելու որոշում են կայացնում: Ոչ, դա վերևից, ցավոք, չի արվում: Մենք մարտի 1-ից հետո գնացինք դեռևս վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ և 4-5 առաջարկություն տարանք, բացի այն, որ զայրացած էինք և հազիվ էինք մեզ զսպում Երևանը սումգայիթացնելու համար, մարտի 1-ի սպանդից հետո, բայց մենք նաև առաջարկություններ էինք անում: Մեր առաջարկություններից ոչ մեկը չընդունվեց, և արդեն այն ժամանակ պարզ էր, որ սա նույն պատի քարերն են: Ընթացքում երևաց, որ ինքը շատ հմուտ ապարատչիկ է, որը բնականաբար շատ ավելի արհեստավարժ է, քան նախորդ երկուսը: Նա իր ճարպկությամբ ավելին էր, ապարատային խաղերում նա իջեցրեց, փոշիացրեց, տրոհեց ամենը, և մենք դա ընտրություններին կտեսնենք՝ հաղթելու են նույն մարդիկ, պարտվելու է նույն ժողովուրդը, դա անխուսափելի է: -Եվ լավատեսության ոչ մի շանս... -Ես դա ասում եմ լավատեսությամբ, որովհետև եթե նրանց ևս մեկ անգամ հաջողվի խաբել ժողովրդին` թոզ փչելով աչքերին, մենք էլի տարի կկորցնենք, իսկ ամեն տարի հատկապես ընտրություններից հետո կտրուկ աճում է արտագաղթը, որը մեր ամենամեծ վտանգն է: Վստահ եմ, այս անգամ կլինի այլ կերպ, և ես երկու տարի առաջ ասում էի, որ եկեք սպասենք ևս երկու-երեք տարի, գալիս է մի սերունդ, որը սրի տակով չի անցնելու, չի ցանկանա մտնել կյանք ինչ-որ մեկի հետ կենակցելու, ինչ-որ մեկի առջև ստորանալու հաշվին: Այդ սերունդն արդեն գալիս է, և իրենք գալիս են առանց այս չարաբաստիկ տեքստերի, առանց կեղծ գեղեցիկ հնչող խոսքերի, ինչը լսում եմ անընդհատ քաղաքական դաշտում, իրենք գալիս են անկեղծ և բանավոր խոսքերով, գալիս են բանաստեղծություններով և երգերով, գալիս են, և իրենց աչքերում այն կրակն է, որը կարելի է տեսնել և Թեղուտի անտառում, և Թռչկանի ջրվեժում, և Երևանի ու Գյումրիի փողոցներում: Իրենք մեր ոչ միայն ապագան են, այլ նաև հույսը, մենք ուղղակի չպետք է թողնենք իրենց և սպասենք` ինչ ենք անելու, մենք պետք է օգնենք նրանց մեր դառը փորձից ելնելով: Ամեն ինչ կրկնվելու է այս լուսնի տակ, և իշխանությունը զավթած խմբապետերը նույնպես գիտեն դա: Ահա թե ինչու են նրանք շտապում այդպես կեղեքել, գողանալ, կտրել ու տանել մնացածը, իրենք շատ են շտապում, և դա է պատճառը, որ մենք էլ պետք է շտապենք, մենք այսօր շատ չենք երևում, մենք աշխատում ենք, որ ապստամբության մյուս առավոտ մենք ունենանք այն արձանագրությունը, որով կառուցվելու է մեր երազած երկիրը` արդար և ազատ Հայաստանը: Սիրանույշ Պապյան «Լրագիր» 14-2-2012.

No comments: