«Լրագիր» 7-2-2012- «Օքսֆորդ անալիտիկա» բրիտանական վերլուծական կենտրոնի փորձագետները Հայաստանի զինուժի մասին հրապարակմամբ են հանդես եկել, ինչի մասին հայաստանյան հանրությանը տեղեկացրել է Ազատություն ռադիոկայանը: Բրիտանացի փորձագետները մատնանշում են Հայաստանի բանակում առկա կարգապահական խնդիրները եւ դրանց ողբերգական հետեւանքները, ասելով, որ այդ ամենը հասարակության մոտ առաջացրել է լուրջ մտահոգություն:
«Օքսֆորդ անալիտիկա»-ի փորձագետները նշում են, որ այդ հանգամանքը կարող է լուրջ ազդեցություն ունենալ թե Հայաստանի պաշտպանական համակարգի բարեփոխման գործընթացի, թե նաեւ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա:
Միեւնույն ժամանակ, բրիտանացի փորձագետները մատնանշում են զինուժում առկա երկու թեւի հանգամանքը՝ մեկն այսպես ասած բարեփոխումների, համակարգային վերափոխումների կողմնակից թեւի՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, եւ մյուսը, այսպես ասած, բանակի պահպանողական թեւը, որտեղ հին սերնդի ներկայացուցիչներ են եւ որոնք դիմադրում են բարեփոխումներին:
Այն, որ հայկական զինուժում առկա իրավիճակը դառնում է միջազգային վերլուծական կենտրոնի ուշադրության առարկա, վկայում է, որ Հայաստանի զինված ուժերը տարածաշրջանում հանդիսանում են իսկապես ավելին, քան միայն հայաստանցիներին հայրենասիրական պաթոսով կերակրելու առիթ պաշտոնական Երեւանի համար: Հայաստանի զինուժը տարածաշրջանում ունի շատ ավելի լուրջ խնդիրներ եւ առաքելություն, քան միայն հայրենապաշտության դասագրքի “չորացվող” թիթեռ լինելը:
Եվ այդ ամենը Հայաստանում պետք է գիտակցվի հասարակական-քաղաքական հնարավորինս լայն սպեկտրով, ինչն էլ թերեւս պետք է պայմանավորի վերաբերմունքը բանակի հանդեպ:
Բայց, ակնհայտ է նաեւ, որ այդ գիտակցման գեներատոր հանդիսանալու փոխարեն, Հայաստանի իշխանությունն անում է ամեն ինչ, բանակը այդ ընկալումներից զերծ պահելու եւ միայն որպես կենացի առիթ թողնելու համար: Դրա պատճառն այն է, որ Հայաստանի իշխանության համար բանակի գլխավոր առաքելությունը իշխանական դիրքերի պահպանման գործիքներից մեկը լինելն է՝ կամ ուղղակի ֆիզիկական ներգրավմամբ, կամ էլ քարոզչական-մանիպուլյացիոն կիրառմամբ:
Համենայն դեպս, պաշտոնական Երեւանի դիրքորոշումը հիմք չի տալիս ենթադրել հակառակի մասին: Իսկ այդ ամենը շարունակում է մարդկային կյանքեր արժենալ բանակում, խլելով պատանի հայաստանցիների կյանքը: Դա վիճակագրությամբ չափելը առնվազն հավասարազոր է մեղմ ասած ռազմաքաղաքական անմեղսունակության:
Բրիտանացի փորձագետներն արձանագրում են, որ բանակի, այսպես ասած, պահպանողական թեւը խանգարում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ու երիտասարդ, նոր սերնդի զինվորական ֆունկցիոներներին հասնել հաջողության բարեփոխումների գործում, որպեզի չկորցնեն իրենց դիրքերը բանակում: «Այժմ հարց է` նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարին կցուցաբերի՞ անհրաժեշտ աջակցություն այս լուրջ մարտահրավերը հաղթահարելու համար», գրում են բրիտանացի փորձագետները:
Թե հատկապես ովքեր են այդ պահպանողական թեւի ներկայացուցիչները, բևրիտանացի գիտնականները չեն նշում: Մինչդեռ, երեւի թե ժամանակն է, որ տրվեն կոնկրետ անուններ: Ովքե՞ր են նրանք, ո՞ր ստորաբաժանման ներկայացուցիչներ են: Ո՞վ է դիմադրում նախարարին, եւ ու՞մ է իր լռությամբ աջակցում Սերժ Սարգսյանը:
Սա, իհարկե, ավելի շատ ոչ թե բրիտանացի փորձագետների, այլ հենց նախարար Օհանյանի անելու խնդիրն է: Ակնհայտ է, որ բանակում տեղի ունեցող ողբերգությունների համատեքստում նա հայտնվել է ակնհայտ թիրախի դերում: Եվ դա բնական է, քանի որ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարն է եւ նա պետք է պատասխան տա բանակային երիտասարդների կյանքի համար:
Բայց, նաեւ պարզ է, որ բանակն ունի իր կառուցվածքը, որտեղ կան այլ կարեւոր դերակատարում ունեցող ստորաբաժանումներ, մասնավորապես օրինակ Զինված ուժերի գլխավոր շտաբը, որի վրա է բանակի ամենօրյա անմիջական կառավարման գործառույթը: Սակայն, ԶՈՒ գլխավոր շտաբի պատասխանատվության հարցը, բանակում տեղի ունեցողի ֆոնին, կարծես թե չի բարձրանում: Իսկ այդ շտաբի ղեկավարին, որպիսին ներկայում հանդիսանում է Յուրի Խաչատուրովը, նշանակում է հանրապետության նախագահը:
Հետեւաբար, խնդիրը թերեւս հենց այդ դաշտում է՝ խանգարու՞մ է արդյոք Խաչատուրովը Օհանյանին: Եթե այո, ապա ինչու՞ Օհանյանը որեւէ կերպ չի փորձում դա զգացնել տալ եւ ստանալ հանրային աջակցությունն ու հասարակական պահանջի օգնությամբ Սերժ Սարգսյանին մղել այդ խանգարող օղակում կադրային լուրջ փոփոխությունների: Իսկ եթե չի խանգարում, ապա կնշանակի, որ թյուր է այն կարծիքը, որ Սեյրան Օհանյանը հանդիսանում է բարեփոխիչ թեւի ղեկավար: Որովհետեւ, եթե բանակի ԶՈՒ Գլխավոր շտաբն ու պաշտպանության նախարարությունը բարեփոխումների հարցում հակադիր չեն, ապա դժվար է պատկերացնել, թե էլ ինչը կարող է խանգարել այդ բարեփոխումների արդյունավետ առաջընթացին:
Հնարավոր է, որ Սեյրան Օհանյանին զսպում է Սերժ Սարգսյանը, ով չի ցանկանում ներկայում, նախընտրական փուլում, կադրային եւ համակարգային լուրջ միջամտություններ անել բանակում եւ իր դեմ տրամադրել գեներալակազմի մի զգալի հատվածին, որից ազատվելը Հայաստանի բանակի համար դառնում է գրեթե կենսական հրամայական:
Բրիտանացի փորձագետները կարծում են, որ այդ դեպքում Սերժ Սարգսյանը պակաս ռիսկի չի դիմում, քանի որ բանակի չլուծվող խնդիրները նախընտրական փուլում կարող է մոբիլիզացնել բազմաթիվ ուժերի` սկսած աջ ազգայնականներից մինչեւ լիբերալ-դեմոկրատները:
Բայց, այդ առումով իհարկե փորձագետները գուցե մի փոքր լավատես են: Առայժմ Հայաստանի քաղաքական դաշտի մնացյալ հատվածն իր գերակշիռ մեծամասնութամբ բանակային թեմայի առումով պակաս իներտ չէ, քան իշխանությունը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Tuesday, February 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment