Tert.am. 29-2-2012- Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը հաստատել է Բաքվի` Թել Ավիվից 1,6 մլրդ դոլարի սպառազինություն գնելու մասին տեղեկությունը և ընդգծել, թե այդ սպառազինությունն օգտագործվելու է «Ադրբեջանի օուպացված տարածքները» ազատագրելու համար:
Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտոնյաները փետրվարի 26-ին հաստատեցին մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Ադրբեջանն Իսրայելից անօդաչու թռչող սարքեր և հակաօդային պաշտպանության նոր համակարգեր է գնելու (այս մասին գրել էր ամերիկյան Associated press գործակալությունը` հավելելով, որ իսրայելյան Israeli Aerospace Industries (IAI) կորպորացիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև համապատասխան պայմանագիրն արդեն ստորագրվել է, իսկ գործարքի ընդհանուր արժեքը 1,6 մլրդ դոլար է կազմում):
ԱՄՆ-ում հրատարակվող «Ասպարեզ» պարբերականը, վկայակոչելով իրանական լրատվական գործակալությունները, հաղորդում է, որ Ախունդովը երեկ Իրանի ԱԳՆ- է հրավիրվել` Թեհրանի ոխերիմ թշնամի Թել Ավիվի հետ կնքած գործարքի առնչությամբ «բացատրություն տալու»:
Վերջին շրջանում իրանա-ադրբեջանական դիվանագիտական հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում. օրեր առաջ պաշտոնական Թեհրանը բողոքի նոտա հղեց Բաքվին` ադրբեջանական կողմին իսրայելական հատուկ ծառայություններին աջակցելու և իրանցի ֆիզիկոս միջուկագետների սպանությանը մեղսակից լինելու մեջ մեղադրելով:
Պաշտոնական Թեհրանն Ախունդովին հերթական անգամ զգուշացրել է, որ Բաքուն չպետք է թույլ տա, որպեսզի Իսրայելն Ադրբեջանի տարածքն օգտագործի Իրանի դեմ ահաբեկչական գործողությունների համար:
Իրանական գործակալությունները հաղորդել են, որ Ախունդովը հայտարարել է, թե Բաքուն «թույլ չի տալու, որպեսզի գնված սպառազինությունը երրորդ երկրի դեմ, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ օգտագործվի»:
Հավելենք միայն, որ 2011թ. սեպտեմբերին Արցախի պաշտպանության բանակի հակաօդային ուժերի կողմից Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում ադրբեջանական զինուժի` իսրայելյան արտադրությա անօդաչու թռչող սարք ոչնչացվեց:
Wednesday, February 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment