1-ին լրատվականի «Հարցազրույցի» ընթացքում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, դիտարկելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը մերժելու հարցի քաղաքական և իրավական կողմերը, նշել է. «Այն, որ Ֆրանսիա պետությունն իր քաղաքական գնահատականը տվել է Հայոց Ցեղասպանության փաստին և այն իր բարձրագույն օրենսդիր մարմիններում հավանության է արժանացել, արդեն փաստ է, իսկ Եվրոպայի ժողովրդավարության կենտրոն հանդիսացող Ֆրանսիայում իրավական համակարգը կարող է և անհամաձայնություն ունենալ քաղաքական կամ օրենսդիր համակարգերի հետ, բայց դա չի նշանակում, որ Ֆրանսիա պետության վերաբերմունքը ցեղասպանության փաստի վերաբերյալ փոխվել է»:
Թուրքագետը մատնանշում է իրողությունը, որ Թուրքիան ամեն անգամ ֆինանսական և քաղաքական մեծ զոհողությունների գնով է կարողանում կասեցնել այս ամենը:
«Սա ամենևին հաղթանակ չէ, ինչպես համարում է Թուրքիա պետությունը, սա ուղղակի այսրոպեական, խիստ ժամանակավոր հաղթանակ է և կարող է ընդամենը բավարարել նրանց այսօրվա ազգայնամոլական տրամադրությունները»,-ասել է նա:
Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ այս օրինագիծն անպայման կունենա իր քաղաքական և իրավական շարունակությունը` նորից կհայտնվի խորհրդարանում: Այլ հարց է, որ մոտեցող ընտրությունների և տեխնիկակական այլ պատճառներով մոտ ապագայում վերջնական գնահատականների սպասել չի կարելի:
«Թուրքերն իրենց քայլերով ավելի են նպաստում Հայոց ցեղասպանության տարածմանը և ճանաչմանը», - հավատացրել է թուրքագետը և որպես ապացույց այն բանի, որ մերժումը պայմանավորված էր բացառապես թուրքական ճնշումներով, ավելացրել է. «Այս օրինագիծը և Հոլոքոստի մասին օրենքը բխում են իրավական նույն հիմքից և, եթե այս օրինագծում Սահմանադրական խորհուրդը նկատել է հակասահմանադրական տարրեր, ապա անպայմանորեն նույնը պետք է նկատի Հոլոքսոտի վերաբերյալ օրինագծում: Կարծում եմ, հենց Ֆրանսիայի իրավական դաշտի խնդիրն է նույնականացնել իրենց վերաբերմունքը կամ ուղղակի ցույց տալ, որ իրենք առաջնորդվում են երկակի ստանդարտներով»:
Թուրքագետը համոզված է, որ լրամշակումներից հետո օրինագիծն անպայման կընդունվի, իսկ Թուրքիայի պայքարն ի սկզբանե դատապարտված է, քանի որ ճշմարտության դեմ է. «Թուրքիան շարունակ գտնվելու է նման վտանգների առջև, քանի դեռ չի ընդունել իր մեղքը: Այսօրվա տրամադրությունները կարող են բերել մի իրողության, երբ ամբողջ աշխարհում Հայոց Ցեղասպանության մասին քննարկումներն ակտիվանալու են: Տարբեր երկրների օրենսդիր մարմիններում օրինագծերի ընդունման հավանականությունը մեծանում է: Թուրքիան ինքն իր քայլերով նպաստում է Ցեղասպանության փաստի առավել շատ քննարկմանը և լրատվամիջոցներում, և քաղաքական շրջանակներում և վերլուծաբանների շրջանում: Թուրքիայի պայքարն անվերջանալի է», - ասել է նա:
Wednesday, February 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment