Հարցազրույց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանի հետ
- Վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, թե իրենք կատարել են նախորդ տարվա մարտին Սերժ Սարգսյանի հանձնարարականը՝ գները իջեցնելու մասին, եւ հիմա գնաճը նախատեսված չափերի մեջ է: Որքանո՞վ են իշխանությունները վերահսկում գնաճը:
- Նախ ասեմ, որ գնաճի զսպման՝ Հայաստանում կիրառվող ռազմավարությունը մեր տիպի տնտեսությունների համար անպիտան գործողությունների ամբողջություն է: Ճշգրիտ ռազմավարություն գործադրելու համար հարկավոր է ունենալ ստվերային տնտեսության ցածր մակարդակ: Մինչդեռ մեզ մոտ ստվերային տնտեսությունը ամենատարբեր գնահատականներով տատանվում է 50-55 տոկոսի սահմաններում: Հետեւաբար, ցանկացած գործիք, որն օգտագործվում է ԿԲ հաստատած ռազմավարության ներքո, ենթադրում է թափանցիկ դաշտում աշխատող սուբյեկտների ու քաղաքացիների եկամուտների նվազեցման քաղաքականություն: Այլ կերպ ասած՝ փողի կրճատման միջոցով գնաճի զսպման մոդելն է աշխատում: Ու եթե ստվերայնությունը մեծ է, նշանակում է ստվերն իր ձեւով նորից աշխատելու է, հիմնական փողի կրճատումը տեղի է ունենում օրինական դաշտում աշխատողների մոտ: Այսինքն՝ քաղաքացիների ցածր եկամուտների պայմաններում, երբ չի աճում նրանց եկամուտը, ավելի քիչ ծախսեր են կատարում, հետեւաբար՝ քիչ պահանջարկի դեպքում տեղի է ունենում գների զսպման գործողություն: Քանի որ ՀՀ-ում ստվերային տնտեսությունը մեծ է, նշանակում է՝ դրա ազդեցությունը գնաճի վրա չափազանց փոքր է լինելու: Ռազմավարության՝ անպիտան լինելու պատճառներից մեկն էլ այն է, որ կառուցվում է հետեւյալ սկզբունքով. գնաճի զսպման գործիք դիտվում է միայն ԿԲ դրամավարկային քաղաքականության գործիքները: Մինչդեռ, թե միջազգային, թե հայրենական վերլուծությունները փաստում են՝ մեր երկրում գնաճի հիմնական պատճառներից է հանդիսանում տնտեսության անարդյունավետ կառուցվածքը, մենաշնորհների առկայությունը, արհեստականորեն փակ շուկաները: Այնպես որ, գնաճի զսպման քաղաքականությունը պետք է համակարգային լինի, եւ չպետք է վերաբերի միայն ԿԲ դրամավարկային քաղաքականության գործիքներին: Ահա թե ինչու այս երկու պատճառով որդեգրված ռազմավարությունը դառնում է անպիտան: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հանձնարարականի կատարմանը, ակնհայտ է՝ նա հանձնարարեց հատկապես գյուղատնտեսական մթերքների մասով մարդկանց աչքերին սովոր գների մակարդակին վերադառնալ: Մեր կառավարությունը ոչ միայն չկարողացավ դա կատարել, այլեւ՝ տարվա կտրվածքով, երբ դիտարկում ենք գյուղմթերքների գների ինդեքսը, այն անցնում է երկնիշ ցուցանիշը: Նման պայմաններում խոսել, թե կատարվել է հանձնարարականը, նշանակում է՝ առնվազն միամիտի տեղ դնել մեր քաղաքացիներին: Իրականում չի կատարվել հանձնարարականը. դրա համար անհրաժեշտ է տնտեսական քաղաքականության համակարգային փոփոխություններ, իսկ ներկա կառավարությունն իր մոտեցումներով, պատկերացումներով, մարդկային ռեսուրսներով պարզապես ի վիճակի չէր կատարել հանձնարարությունը: Ավելին՝ այդ հանձնարարությունն ի սկզբանե հնարավոր չէր կատարել, քանի որ դրա համար չկան անհրաժեշտ հիմքեր: Դա է պատճառներից մեկը, որ ՀՅԴ-ն հանդես եկավ կառավարությանը անվստահություն հայտնելու առաջարկով:
- Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ Տիգրան Սարգսյանը պարզապես խաբում էր:
- Ես խաբել բառը չեմ ուզում կիրառել, բայց ակնհայտ է, որ չի ասվում ճշմարտությունը: Թե իբր մեր իշխանություններն ազնիվ են եղել ու խոսել պրոբլեմների մասին, ինչպես ասում էր վարչապետը, չեմ ընդունում: Հակառակը՝ միշտ փորձ է արվել թաքցնել ճշմարտությունը, եւ արդյունքում ձեռնարկվել են տարբեր գործողություններ, որոնք իրենց բացասական արդյունքն են ցույց տվել: Հիշենք ճգնաժամի վերաբերյալ նրանց հայտարարությունները. «Հայաստանին ճգնաժամ չի սպառնում», «Հայաստանում առաջին փուլի ճգնաժամ տեղի չի ունեցել», «Հայաստանում կա կայուն զարգացման համար բոլոր հիմքերը» եւ այլն: Կյանքը ցույց տվեց՝ այդ ասածներից ոչ մեկը իրականության հետ աղերսներ չունի:
- Իշխանությունները չե՞ն կարող, թե չեն ուզում գնաճը զսպել:
- Իշխանությունը չի տիրապետում ստեղծված իրավիճակին, չի պատկերացնում ծանր սոցիալ-տնտեսական պայմաններից դուրս գալու ելքերը չի պատկերացնում: Եվ երկրորդ՝ այդքան կամք չունի խոստովանելու եւ չունի վճռականություն՝ կանգնելու մեկ կարեւոր դիրքի վրա՝ իրավիճակից ելքը համահայկական ներուժի համախմբման միջոցով իրավիճակի փոփոխությունն է: Այլ կերպ ասած՝ Հայաստանի թե տնտեսական, թե քաղաքական, թե սոցիալական առումով հարկավոր է նոր կարգավիճակ: Այդ նոր կարգավիճակն ունենալու համար համակարգային ծրագրերի գաղափար պետք է լինի, եւ դրա իրականացման համար անհրաժեշտ է համահայկական ներուժի համախմբում եւ ուղղորդում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
«Լրագիր» 13-2-2012.
No comments:
Post a Comment