Friday, February 17, 2012

Լավ, իսկ Մոսկվայի՞ն ինչու չեք հարցնում

«Լրագիր» 16-2-2012- Ինչպես հայտնում է Արմենպրեսը, Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը բաց նամակ է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերին, խնդրելով բացատրել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի քայլը: Խոսքը Հայաստանին հատկացվելիք ֆինանսական օգնությունը կրճատելու մասին ԱՄՆ վարչակազմի նախաձեռնությանն է վերաբերում: Ինչպես հայտնի է, Կոնգրեսին /ԱՄՆ, այլ ոչ թե Հայ ազգային կոնգրեսին/ուղղված 2013 թվականի իր բյուջետային ուղերձում, ԱՄՆ նախագահը առաջարկում է Հայաստանին հատկացվելիք ֆինանսական տարեկան օգնության ծավալը նվազեցնել եւ հասցնել 27 մլն 219 հազարի: Նախորդ տարի, ԱՄՆ Հայաստանին հատկացրել էր մոտ 40 միլիոն դոլար օգնություն: Բայց, այստեղ կա մի հանգամանք: Գրեթե միշտ էլ, հատկապես վերջին տարիներին, ԱՄՆ վարչակազմը առաջարկում է կրճատել Հայաստանի օգնությունը, սակայն հետո Կոնգրեսը ավելացնում է այն: Այնպես որ, ներկայում Օբամայի քայլը փաստացի նոր չէ եւ նորի մասին կարող է խոսք լինել զուտ թվաբանական կառուցվածքի, բայց ոչ տրամաբանության առումով: Թե ինչու է ԱՄՆ վարվում այդպես, թե ինչու է վարչակազմը առաջարկում նվազեցնել կամ ավելի քիչ է առաջարկում, իսկ Կոնգրեսը հետո ավելացնում, դժվար է ասել: Միգուցե դա ամերիկյան պետական մեքենայի որոշակի ճկունության արդյունք է, երբ գործադիրն ու օրենսդիրը հավասարակշռում են միմյանց, կամ գուցե կան այլ՝ ասենք զուտ ներքաղաքական տրամաբանություն ունեցող հանգամանքներ: Շատերը դա պայմանավորում են նրանով, որ Կոնգրեսում հայկական լոբբին ավելի ուժեղ է, քան գործադիր իշխանությունում, թեեւ իհարկե այստեղ ամեն ինչ շատ հարաբերական է, որովհետեւ ի վերջո ԱՄՆ իշխանական եւ քաղաքական համակարգը կազմում են ընդամենը երկու կուսակցություն՝ դեմոկրատական եւ հանրապետական, ու մեծ հաշվով երկու կուսակցության դեպքում էլ իրավիճակը հայկական օգնության պարագայում գրեթե նույնն է՝ անկախ նրանից, թե որ ուժն է գործադիրում եւ որը օրենսդիրում: Մինչդեռ թերեւս փոքր ինչ միամիտ կլինի պատկերացնել, որ ասենք հայկական լոբբին Կոնգրեսի մասով ազդեցություն ունի այդ կուսակցությունների վրա, իսկ գործադիրի մասով՝ չունի: Իհարկե լոբբիի գործոնն անշուշտ կա, բայց վճռորոշը թերեւս ամերիկյան պետական քաղաքականության, պետական կառավարման եւ քաղաքական համակարգերի ավանդույթներն են եւ ներքին որոշակի տրամաբանությունը: Բայց խնդիրն իհարկե դա չէ: Միգուցե Հայաստանում ԱՄՆ դեսպանն այդ առիթով հանգամանալից բացատրություն տա բաց նամակին, եւ ոչ միայն նամակի հեղինակներին, այլ նաեւ հանրությանը տեղեկացնի, թե ինչով է պայմանավորված այդ իրողությունը՝ երբ վարչակազմը միշտ էլ ավելի քիչ փող է նախատեսում Հայաստանի համար, իսկ հետո Կոնգրեսում այն ավելանում է: Միգուցե ԱՄՆ այդպես վարվում է ամենեւին էլ ոչ միայն Հայաստանի հանդեպ: Սակայն, առավել կարեւոր խնդիրը այստեղ թերեւս այն է, թե այդօրինակ հարցերի վերաբերյալ ինչ հարցադրումներ են առաջանում Հայաստանի հասարակությունում: Շատ լավ է, դրական է, որ կա ԱՄՆ-ին ողղված այդ հարցադրումը, որը փորձ է արվում հիմնավորել տարածաշրջանային իրողություններով, Ադրբեջանի հետ հակամարտությամբ, Հայաստանի շրջափակումով, Ադրբեջանի հետ տնտեսական հավասարակշռության ապահովման կարեւոր հանգամանքով, բայց, այդ ամենը մի հարց են թերեւս առաջադրում, թե ինչու Հայաստանից այդօրինակ հարցադրումներ չեն հղվում Մոսկվա: Օրինակ, ինչու բաց նամակներ չեն հղվում Մոսկվա, ուր կասվի, ենթադրենք, որ Ադրբեջանի հետ պատերազմի եւ ռազմավարական մրցակցության մեջ գտնվող ռազմավարական դաշնակցից 100 միլիոն պարտքի դիմաց վերջին գույքը տանելը մեղմ ասած նպատակահարմար չէ: Կամ, ինչու օրինակ բաց նամակներ չեն գրվում Մոսկվա, այն մասին, որ մեղմ ասած բարոյական չէ ռազմավարական նշանակության, թեկուզ պաշտպանական, բայց ժամանակակից զինատեսակներ վաճառել ռազմավարական դաշնակից երկրի երդվյալ հակառակորդ պետությանը: Խոսքը իհարկե Ադրբեջանին C 300 վաճառելու մասին է: Հայաստանում ընդունված է համարել, որ Մոսկվան այդ ամենի “իրավունքն” ունի, քանի որ Հայաստանին ապահովում է ռազմական անվտանգությամբ, զենքով, զինամթերքով: Գուցե, բայց Մոսկվան դրա դիմաց Հայաստանում ստանում է ձրի ռազմաբազաներ, որոնց համար ոչ մի լումա չի վճարում, որոնց կոմունալ վճարներն անգամ Հայաստանն իր վրա է վերցրել, որոնց ռազմական բեռնափոխադրումներն անգամ Հայաստանն իր վրա է վերցրել: Այսինքն, Ռուսաստանն այդ առումով Հայաստանին ոչ թե լավություն է անում, այլ պարզապես կնքել է շահավետ համաձայնագիր: Ընդ որում, թերեւս արժե բավական հանգամանալից մասնագիտական վերլուծության ենթարկել, թե ինչ որակի է այն ռազմական օգնությունը /թեեւ պարզ է, որ դա օգնություն ներկայացնելը թերեւս իրականության փոքր ինչ խեղաթյուրում է, որովհետեւ Հայաստանը ռուսական բազայի ծախսերը իր վրա վերցնելով փոխհատուցում է այդ “օգնությունը”/, որ Հայաստանին ցուցաբերում է Մոսկվան. ինչպիսի մասնագիտական եւ որակական, արդիական պատրաստակամություն ունեն Հայաստանի սահմանները պահպանող ռուսական զորակայանները, ինչպիսի արդյունավետությամբ են նրանք գործում, տարեկան քանի գլուխ տարբեր կարգի չորքոտանիներ են Հայաստանի գյուղացիներից գողանում թուրքերը, այդ ամենի որ մասն է հայտնի դառնում, իսկ որ մասն է մնում անհայտ: Արժե օրինակ ուսումնասիրել, թե արդյոք իրականությանը համապատասխանում է այն, որ ռուսական զինուժի համար Հայաստանի սահմանապահ ռուսական զորակայանները դարձել են տուգանային հրապարակի պես մի բան, որտեղ ուղարկում են նրանց, ում ուզում են պատժել անկարգապահության կամ ոչ պրոֆեսիոնալիզմի համար: Ի վերջո, ինչպես է պետք վերաբերել Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության որակին, եթե այդ երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հայտարարում է, որ այլեւս ռուսական արտադրության զրահատեխնիկա ձեռք չեն բերելու, մինչեւ որ առաջիկա հինգ տարում այդ արդյունաբերության արտադրանքը չարդիականացվի: Ընդհանրապես, Հայաստանի հասարակությունը թերեւս ավելի շատ հարցեր ունի տալու Մոսկվային, քան որեւէ այլ քաղաքական կենտրոնի, որովհետեւ Մոսկվան մեր դաշնակիցն ու բարեկամն է, հետեւաբար նրա հանդեպ մենք պետք է ավելի խստապահանջ լինենք, քան այլոց: Լավ է, որ Հայաստանի հասարակությունը չի կաշկանդվում հարցեր ուղղել աշխարհի հզորներին: Պարզապես պետք է հարցեր ուղղել բոլորին, կամ ավելի ճիշտ՝ հարցերն ուղղել ըստ Հայաստանի համար ռազմավարական անհրաժեշտության: Իսկ այդ տեսանկյունից, հատկապես վերջին տարիներին Հայաստանի համար ամենից շատ ռազմավարական մտահոգություններ, որքան էլ որ զարմանալի է, առաջացնում է ռազմավարական դաշնակից Ռուսաստանն իր թուրք-ադրբեջանական վեկտորով: Իսկ Միացյալ Նահանգներին էլ հարցեր թերեւս պետք է ուղղել ոչ թե տարեկան ֆինանսական օգնությունը մի քանի միլիոն դոլարով կրճատելու /Հայաստանի անկախությունից ի վեր Նահանգները հատկացրել են ավելի քան 2 միլիարդ դոլարի օգնություն՝ ոչ թե վարկ, այլ օգնություն, եւ շարունակում են հատկացնել/, այլ Հայաստանի համար առավել կարեւոր ռազմավարական մտահոգությունների, օրինակ՝ իրանական զարգացումների վերաբերյալ: Հայաստանի հասարակությունը Նահանգներից հենց այստեղ թերեւս ունի ակնկալվելիք պատասխաններ, թե արդյոք Իրանի դեմ միջազգային արշավի լոկոմոտիվ հանդիսացող Նահանգները պատկերացնո՞ւմ են արդյոք այն ռիսկերը, որ այդ արշավն առաջացնում է Հայաստանի համար, որոնք կարող են խորանալ արշավի խորացման հետ մեկտեղ, եւ արդյոք Նահանգները ունի Հայաստանի ժողովրդի եւ պետության համար այդ ռիսկերը չեզոքացնելու առաջարկներ, որոնք կքննարկվեն Հայաստանի ժողովրդի եւ կառավարության հետ, հաշվի առնելով տարածաշրջանային օբյեկտիվ իրողությունները: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: