Panorama.am.27-2-2012- Հանրահայտ «Շպիգել» հանդեսից և ARD հեռուստաալիքից հետո Ադրբեջանի իշխանությանն այս անգամ էլ քննադատել է գերմանական մեկ այլ` NDR հեռուստաալիքը: Հեռուստաալիքի «Էքստրա 3» երգիծական հաղորդման վերջին թողարկումը նվիրվել է մայիսին Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012»-ին և Ադրբեջանում առկա իրավիճակին:
Ինչպես հայտնում է «Ազադլիգը», երգիծական հաղորդման ժամանակ Իլհամ Ալիևի հասցեին «ծիծաղաշարժ նախագահ», «մասնագիտությամբ դիկտատոր» և այլ նման հեգնական արտահայտություններ են արվել և ցուցադրվել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն արտացոլող պատկերներ:
«Ադրբեջանում բնակվող մարդիկ ուրախ-խնդուն մարդիկ են, քանի որ նրանք ծիծաղաշարժ նախագահ ունեն: Նա մասնագիտությամբ դիկտատոր է, բայց ստախոսությամբ ցանկանում է բոլորին հավատացնել, որ երկրում ժողովրդավարություն կա: Շատ ծիծաղելի է», -ասել է երգիծական հաղորդման Կլաուս անունով հաղորդավարը:
Պատկերներից մեկում «Եվրատեսիլ-2012»-ի երկու կազմակերպիչներ մտորում են, թե ինչ լավ է, որ մրցույթն անցկացվելու է նման ուրախ երկրում: Դրանից հետո ցուցադրվում է ավտոմքենայով անցնող և շրջակայքում կանգնած մարդկանց ձեռքով ողջունող Իլհամ Ալիևը, ինչն ուղեկցվում է հետևյալ խոսքերով.
«Մյուս կողմից նախագահ Ալիևն էլ էր ուրախանում, որ այդ ճանապարհով նշանակալիորեն կկարգավորի իր հեղինակությունը, ինչի համար պատրաստ է անգամ տակնուվրա անել մայրաքաղաքը: Բոլոր «կեղտոտ» շենքերը պետք է քանդվեն` 20 հազար կեղտոտ շենքերի բնակիչների հետ միասին»: Վերջին նախադասությունն ուղեկցվում է գիշերները Բաքվում մարդկանց տները հարկադրաբար քանդվելու տեսարաններով:
Հետո ցուցադրվում են ընդդիմության խաղաղ ցույցերը ոտիկանության կողմից դաժանորեն ցրելու, քաղաքացիներին մահակներով ծեծելու տեսարանները: «Ադրբեջանում մարդու իրավունքները ոտնահարում են աքացիներով: Բայց դա միշտ չէ այդպես: Դրա համար հիմնականում օգտվում են մահակներից: Իսկ ի՞նչ են մտորում դրա մասին «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները», -հեգնանքով հարցնում է հաղորդավարը և կրկին ցուցադրելով «Եվրատեսիլ»-ի երկու կազմակերպիչների` հավելում. «Իհարկե` ոչինչ: Բայց ինչպե՞ս մտորեն: Ամբողջ օրն Ադրբեջանին հաղթանակ բերած երգը լսելու պատճառով, նրանք այլևս չեն կարողանում որևէ բան հասկանալ: Եվ այս ողջ ընթացքում քեռի Ալիևը զբաղված է Ադրբեջանում ընդդիմության ոչնչացումով»:
«Ադրբեջանում տեղի ունեցող խայտառակություններն անտեսող «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներին ծաղր ու ծանակի ենթարկելուց հետո ասվում է. «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներն ու Ադրբեջանն իրար սազում են ինչպես աչքին իջած բռունցք, կամ ավելի ճիշտ` մռութին հասցված բռունցք»: Այս խոսքերն էլ համեմվում են ընդդիմության խաղաղ միտինգներից մեկի ժամանակ ոստիկանության հափշտակած բողոքավորի կոչը կանխելու համար մատները նրա բերանը մտցնելու տեսարանով», -գրում է «Ազադլիգը»:
Monday, February 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment