Monday, February 27, 2012

Հայկական լոբբին ողջ չարությունն ինձ վրա թափեց. Բրայզա

Tert.am. 27-2-2012- «Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915թ. դեպքերը ցեղասպանություն չանվանեց, հայկական լոբբին որոշեց ողջ չարությունն ինձ վրա թափել»,- ադրբեջանական 1news.az կայքի հաղորդմամբ` հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան: Կայքն ընդգծում է, որ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի հետ զրույցում Բրայզան հավելել է, թե ԱՄՆ-ում հայկական լոբբին ամեն ինչ արել է իրեն կողմնակալ ներկայացնելու համար: «Այժմ նրանք իմ դեմ են օտագործում իմ` Թուրքիա տեղափոխվելու հանգամանքը: Այո, ես սիրում եմ Թուրքիան, բայց դրա հետ մեկտեղ սիրում եմ նաև Հայաստանը և Ադրբեջանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եղած տարիներին ես հաճախ եմ շփվել հայկական կողմի հետ, և հայ պաշտոնատար անձինք երբեք ինձ չեն մեղադրել կանխակալության մեջ: Հայկական լոբբին, սակայն, այդ ամենից բացի ինձ կշտամբեց նաև Զեյնա Բարանի հետ ամուսնությանս համար, նրանք համարում էին, որ Բարանի` էթնիկ թուրք լինելու հանգամանքն ինձ վրա ազդեցություն կունենա: Դրանք, սակայն, այնքան անհիմն մեղադրանքներ են, որ քննարկել անգամ չեմ ցանկանում»,-ասել է դիվանագետը: Պարբերականի թղթակցի հետ զրույցում Բրայզան չի բացառել, որ դեսպանի իր կարիերան հենց սեփական ամուսնության «զոհը» դարձավ: Մեթյու Բրայզայի թեկնածությունն ամիսներ շարունակ չէր հաստատվում ԱՄՆ Սենատում։ ԱՄՆ սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի կողմից առաջադրված թեկնածունները պետք է հաստատվեն ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից։ Սակայն այն դեպքում, երբ Կոնգրեսը միջնստաշրջանային արձակուրդում է գտնվում, ապա երկրի նախագահը կարող է կադրային նշանակումներ կատարել միանձնյա՝ առանց Սենատի հավանության։ Բարաք Օբաման 2010թ. վերջին օգտվեց իր այդ իրավունքից՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելով Բրայզայի թեկնածությունը։ ԱՄՆ Սենատը, սակայն, 2011թ. վերջին չհաստատեց Բրայզայի թեկնածությունը. Օբամայի վերոնշյալ հրամանը կորցրեց իր ուժը, իսկ Բրայզան ստիպված եղավ Վաշինգտոն վերադառնալ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Բրայզային ամերիկացի սենատորները բազմիցս մեղադրել են ղարաբաղյան հարցում ունեցած կողմնակալ դիրքորոշման մեջ:

No comments: