Wednesday, February 15, 2012

Թուրքիայի չերքեզները և լազերը կոչ են արել ճանաչել նաև Հայոց ցեղասպանությունը

Panorama.am. 15-2-2012- Թուրքիայում չերքեզների ու լազերի կազմակերպությունների կողմից հրավիրված կոնֆերանսում ընդունվել է Թուրքիայի փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ զեկույց: Ըստ թուրքական «Haber3» լրատվական կայքի` Կովկասյան միությունների ֆեդերացիան (KAFED) և Լազական մշակութային միությունը համատեղ հունվար ամսից սկսված «Թուրքիայում մշակութային բազմազանության պահպանումը, հասարակության մեջ տարբեր մշակույթների դեմ խտրականությունը կանխելու խնդիրները և լուծումները» խորագրով մի շարք կոնֆերանսներ են կազմակերպել, որոնց, ի թիվս չերքեզների ու լազերի, մասնակցել են նաև հայ, ասորի, քուրդ ու զազա ներկայացուցիչներ: Կոնֆերանսների արդյունքում պատրաստվել է զեկույց, որը պահանջում է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների` մայրենի լեզվով կրթության սահմանադրական երաշխիքների ստեղծում, կրոնի ու դավանանքի ազատության ճանաչում և այլն: Վերոնշյալ զեկույցում կոչ է արվում և անհրաժեշտ համարվում նաև թուրքական պետությանը «առերեսվել պատմական իրողություններին ու ներողություն խնդրել 1915 թ. հայերի տեղահանության, 1922 թ. չերքեզների բռնագաղթի, 1934 թ. Թրակիայի ջարդերի, 1943 թ. «ունեցվածքի հարկի», 1955 թ. հույների, 1978, 1980 և 1993 թ. ալևիների ջարդերի համար»:

No comments: