Thursday, February 23, 2012

ԵՄ-ն եւ Ռուսաստանը Հայաստանի սահմանին

«Լրագիր» 21-2-2012- Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Եվրամիության արտաքին սահմաններում գործառնական համագործակցության կառավարման գործակալության /Ֆրոնտեքս/ ղեկավար Իլկա Լայտինենը փետրվարի 22-ին ստորագրել են աշխատանքային համաձայնագիր, որով նախանշվում է Հայաստանի և Ֆրոնտեքսի միջև հետագա համագործակցության օրակարգը: Կողմերը քննարկել են Հայաստանում սահմանային ենթակառուցվածքների արդիականացման գործընթացը: Հատկանշական է, որ Հայաստանում Եվրամիության միջոցներով արդիականացվում է միայն հայ-վրացական սահմանը: Իսկ Թուրքիայի ու Իրանի հետ սահմանի ենթակառուցվածքներն արդիականացվում են Ռուսաստանի հետ պայմանավորվածության շրջանակում: Հայաստանի սահմանները կոմպլեմենտարիզմի բացառիկ օրինակ են, ընդ որում՝ Իրանի ու Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը պաշտպանում են ռուսաստանյան սահմանապահները, նրանք են հսկում նաեւ օդային սահմանը Զվարթնոց օդանավակայանում, իսկ Վրաստանի հետ սահմանին կանգնած են հայ սահմանապահները: Երեւում է, մինչ 2008 թվականը Վրաստանը չէր համարվում սահման, քանի որ համարվում էր ԱՊՀ անդամ, եւ Ռուսաստանի հետ ուներ ազատ տեղաշարժ: Այդ պատճառով էլ հայ-վրացական սահմանը հետաքրքիր չէր Ռուսաստանին: 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը գուցե եւ փորձել է սահմանին տեղակայել իր սահմանապահներին, սակայն դժվար թե Վրաստանը դա թույլ տար: Ահա եւ ստացվել է սահմանային հետաքրքիր աշխարհագրություն՝ Իրանի ու Թուրքիայի հետ սահմանը պահում են ռուսները, Վրաստանի հետ՝ հայերը, ընդ որում՝ սահմանն արդիականացվում է եվրոպական միջոցներով, իսկ Ադրբեջանի հետ սահմանը հսկում է հայկական բանակը: Բաց է միայն Ղարաբաղի հետ սահմանը, որտեղ կանգնած են ղարաբաղյան մաքսավորները, ովքեր «պաշտպանում են» սահմանը թե այս, թե մյուս կողմից: Նաիրա Հայրումյան

No comments: