Thursday, February 23, 2012

Հայ և ադրբեջանցի մտավորականների միջև հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու մայիսին

Tert.am. 22-2-2012- Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների միջև հանդիպումը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, հանդիպմանը ներկա եղած Ռուսաստանի նախագահի` մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն ասել է, որ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում: «Չեմ կարող ասել, թե ինչպիսի հարցեր են քննարկվել հանդիպմանը, սակայն, որոշվել է նման հանդիպումներ հաճախակի անցկացնել: Կողմերը նախատեսում են այդ ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել մայիսին»,-ասել է Շվեյդկոյը` չնշելով, թե կոնկրետ որտեղ է անցկացվելու այդ հանդիպումը: Գործակալությունը հավելում է, որ հանդիպմանն ադրբեջանական կողմը ներկայացրել են Ադրբեջանի ժողովրդական արտիստ Ֆարհադ Բադալբեյլին, Բաքվի սլավոնական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Քյամալ Աբդուլան, Ադրբեջանի ազգային կոնսերվատորիայի ռեկտոր Սիյավուշ Քերիմլին և այլք: Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն, Միխայիլ Շվիդկոյը: Հայ և ադրբեջանցի մտավորականների միջև այսօրվա հանդիպման մասին հայտնի էր դարձել Շվիդկոյի` «Ռուսական թերթ» պարբերականում հրապարակված հոդվածից: «Չնայած, որ դիվանագիտական շփումներում երկար ժամանակ ընդմիջումներ տեղի չէր ունեցել, բավական երկար ամենատարբեր պատճառներով` անձնականից մինչև պետական նկատառումներով թելադրված (որոնք անհասկանալի են ինձ նման հասարակ քաղաքացիների համար), չէր հաջողվում շարունակել Փոլադ Բյուլբյուլօղլուիի և Արմեն Սմբատյանի նախաձեռնությամբ սկսված երկխոսությունը,-գրել էր Շվիդկոյը և հավելել, որ այսօր նրանց միջև հանդիպում է տեղի ունենալու: Նման ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2006թ., այսօրվա հանդիպումը երրորդն էր:

No comments: