Monday, February 27, 2012

Թուրքիան ավիակի՞ր է գնում

1in.am. 27-2-2012- Թուրքական Takvim օրաթերթին տված հարցազրույցում անվտանգության և ռազմական հարցերով ամերիկացի հայտնի լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը հայտարարել է, որ առաջիկա մեկ տարին շատ կարևոր է Մերձավոր Արևելքի, այդ թվում՝ նաև Թուրքիայի համար, քանի որ կարող են պատկերվել մերձավորարևելյան երկրների առաջիկա 30 տարիների ուրվագծերը: Հերշն ընդգծել է, որ Թուրքիան տարածաշրջանային ուժ դառնալու համար կարևոր քայլեր է ձեռնարկել ռազմական ոլորտում. «Թվակազմով թուրքական բանակն աշխարհում զբաղեցնում է 9-րդ տեղը: Ռազմական ոլորտում Թուրքիայի համար միակ թերի կողմն այն է, որ նա ցայժմ չունի ավիակիր: Սակայն Թուրքիան քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Թուրքիան երկար ժամանակ ԱՄՆ-ի հետ բանակցում էր F-35 կործանիչների գնման շուրջ, ինչն ավարտվեց հաջողությամբ: Թուրքիան արդեն իսկ պատվիրել է F-35 կործանիչներ, որոնք լայնորեն օգտագործվում են ավիակիրների վրա»: Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել էր, որ Թուրքիան ԱՄՆ-ից գնելու է F 35 (F-35 Lightning II) տիպի 100 կործանիչ, որոնց համար ընդհանուր առմամբ վճարելու է 16 միլիարդ դոլար: Յըլմազը հավելել էր, որ առաջին երկու ինքնաթիռները Թուրքիային կհանձնվեն 2015 թվականին:

No comments: