News.am. 9-2-2012- Թուրքիայի ԵՄ-հետ փոխհարաբերությունների նախարար Էգեմեն Բաղըշը «Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ պատմական վեճի» լուծման համար դիմել է Գերմանիայի օգնությանը: Այս մասին նախարարը հայտարարել է Welt-ի հետ հարցազրույցում:
Բաղըշի խոսքով` գերմանական արխիվներում պետք է որ վկայություններ լինեն 1915թ. դեպքերի մասին, որոնք այժմ այսքան վիճահարույց են: Քաղաքական գործիչը Բեռլինին կոչ է արել իր արխիվները բացել պատմաբանների առջեւ:
Բաղըշն ընդգծել է, որ առայժմ իր տեսած փաստաթղթերը վկայում են, որ Օսմանյան կայսրությունում հայերի նպատակադրված բնաջնջում չի եղել, այլ քաղաքացիական պատերազմ: Նրա խոսքով` զոհեր եղել են եւ թուրքական, եւ հայկական կողմում, գրում է Lenta.ru-ն:
Այս նախարարի նկատմամբ Շվեյցարիայում հետաքննություն է տարվում: Դավոսի միջազգային տնտեսական համաժողովում, ինչպես նաեւ Ցյուրիխի համերգում նա բազմիցս հավաստել է, որ ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Նման հայտարարությունները Շվեյցարիայում անօրինական են համարվում:
Էգեմեն Բաղըշի հետ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը լրագրողներին հայտնել էր. «Ես այսօր թուրքական իշխանություններին խորհուրդ եմ տալիս այն, ինչը որ նախկինում էի խորհուրդ տվել: Դուք պետք է նայեք ձեր պատմության երեսին եւ թույլատրեք դրա անկախ հետաքննությունը: Եթե դա հանգեցնի այն եզրակացությանը, որ կատարվածը ցեղասպանություն է եղել, ապա դուք պետք է այն ընդունեք: Ես կարծում եմ, որ առաջին հերթին Թուրքիան պետք է լուծի այս խնդիրը: Ես հարգում եմ ֆրանսիական խորհրդարանի ինքնավարությունը եւ անկախությունը, եւ ես հարգում եմ Ֆրանսիայի ընդունած օրենքը: Ես գիտեմ, որ Եվրամիությունում մեծ մասը ֆրանսիական խորհրդարանի անդամներից շատերի հետ համակարծիք են»:
Հիշեցնենք, հունվարի վերջին Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, ինչը բուռն բողոք է բարձրացրել Թուրքիայում: Այժմ այդ օրենքը դիտարկում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը:
Thursday, February 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment