Tert.am. 9-2-2012- «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի (Բաքու) տնօրեն Էլհան Շահինօղլուն ռուսական «Ռեգնում» գործակալության հետ զրույցում ասել է, թե Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը սահամանադրական ճանաչվելու դեպքում, պաշտոնական Բաքուն պետք է բարձրացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից Ֆրանսիայի դուրսբերման հարցը:
«Հակառակ դեպքում կարող են խնդիրներ առաջանալ ռազմավարական գործընկեր Թուրքիայի հետ փոխհարաբերություններում,-ասել է Շահինօղլուն և հավելել,- քանի որ Անկարան Բաքվից իրական քայլեր է ակնկալում, և եթե որևէ քայլ չձեռնարկվի և աչք փակվի Փարիզի ակնհայտ հայամետ քաղաքականության վրա, ապա դա կազդի ոչ միայն Թուրքիայի հետ հարաբերությունների վրա, այլև վնաս կհասցնի Ադրբեջանի իմիջին»:
Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո(օրինագծի սահմանադրականությունը վիճարկելու նպատակով օրեր առաջ մի խումբ ֆրանսիացի խորհրդարանականներ Սահմանադրական խորհուրդ են դիմել, խորհուրդը որոշում պետք է կայացնի փետրվարի 29-ին, կամ մարտի 1-ին) ադրբեջանական և թուրքական կողմերից բազմիցս կարծիքներ են հնչել, թե Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում «չեզոք գործել» չի կարող, ուստի պետք է դադարեցնի իր գործունեությունը խմբի կազմում:
Շահինօղլուն նշել է, թե Մինսկի խմբի համանախագահող երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) կազմում Ֆրանսիային կարող է փոխարինել Թուրքիան, Գերմանիան, կամ Եվրամիությունը:
«Անկարան վերջին օրերին ակտիվորեն բարձրացնում է Մինսկի խմբի կազմում Ֆրանսիայի գործունեության դադարեցման հարցը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն օրերս ասաց, որ Խմբի կազմում Ռուսաստանի միջնորդությունը հասկանալի է. այն տարածաշրջանի երկիր է, շահեր ունի Կովկասում և բարեկամական հարաբերություններ` Հայաստանի և Ադրբեջանի հետ: «ԱՄՆ-ի համանախագահությունը ևս կարելի է հասկանալ, այն մի պետություն է, որը մթնոլորտ է ստեղծում ամենուր, իսկ ինչ է այնտեղ անում Ֆրանսիան,-Դավութօղլուօ խոսքերն է մեջբերել Շահինօղլուն և հավելել, որ նա ճիշտ է:
«Դավութօղլուն տարածաշրջանային խաղորդ է համարում նաև Թուրքիային: Այդ պատճառով էլ նա առաջարկում է` կամ Ֆրանսիային պետք է որևէ երկիր փոխարինի, կամ Թուրքիան պետք է լինի Մինսկի խմբի 4-րդ համանախագահող երկիրը»,-ասել է նա:
Վերլուծաբանն ընդգծել է, որ Բաքուն ամեն ինչ անելու է, որպեսզի հասնի Թուրքիայի ներառմանը Մինսկի խմբի կազմում, իսկ եթե դա չստացվի, ապա հնարավոր բոլոր ջսնքերը գործադրելու է, որպեսզի Ֆրանսիան դադարեցնի իր գործունեությունը կառույցի կազմում:
Շահինօղլուի կարծիքով` չի բացառվում, որ Բաքուն այդ դեպքում առաջարկի Գերմանիայի, կամ Եվրամիության տարբերակը: «Նախևառաջ, Ադրբեջանը և Հայաստանը ԵՄ-ի Արևելյան գործընկերության ծրագրի մասնակիցներ են և այդպիսով շահագրգռված են կառույցում Եվրամիության ինտեգրմամբ….: Բացի այդ, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն օրերս Բաքու կատարած այցի ժամանակ հանդիպեց նախագահ Իլհամ Ալիևին: Այդ հանդիպումից հետո Բաքվում ԵՄ-ի ներկայացուցիչ Ռոլանդ Կոբիան բառացի հետևյալն ասաց. «Եվրամիությունը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի արագացմամբ և նոր առաջարկներ էպատրաստում: Իսկ դա շատ բանի մասին է խոսում»,-կարծում է վերլուծաբանը:
«Գերմանիայի համանախագահությունը ևս ամենաօպտիմալ տարբերակներից է,-ասել է Շահինօղլուն և հավելել,- Գերմանիայի համանախագահության վաղուց արդեն քննարկվում է` 1990-ական թվականներից: Եվրոպայում երկու լոկոմոտիվային երկիր կա` Ֆրանսիան և Գերմանիան: Ֆրանսիան արդեն15 տարի է, ինչ համանախագահող երկիր է, իսկ արդյունքը զրո է: Պետք է հնարավորություն և իրավունք տալ, որ Եվրոպայի երկրորդ իշխող երկիր Գերմանիան ևս մասնակցի այդ գործընթացին»:
Thursday, February 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment