Wednesday, February 15, 2012

«Իրդիփլոմասի.իռ». Ադրբեջան` իսրայելցի լրտեսների դրախտավայր

Panorama.am. 15-2-2012- Ադրբեջանի տարածքն Իսրայելի արտաքին հետախուզության (Մոսսադի) գործակալների համար դրախտավայր է: Այդ մասին նշված է իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքում թողարկված հոդվածում: Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունն իր տարածքն ամբողջովին տրամադրել է Իսրայելի հատուկ ծառայություններին, որոնք հանգիստ և ապահով մթնոլորտում հակաիրանական գործունեություն են իրականացնում: «Մոսսադի» գործակալներից մեկը «Թայմզ» պարբերականին տված հարցազրույցում նշել է. «Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն հետախուզական գործունեություն իրականացնելու համար չափազանց հարմարավետ վայր է: Մենք մեր տեղեկատվության զգալի մասը ստանում ենք իրանա-ադրբեջանական սահմանը հատող մարդկանց միջոցով»: Հիշեցնենք, որ օրերս Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Իրանցի գիտնականների նկատմամբ կատարված ահաբեկչության հետ կապ ունեցող մի քանի ահաբեկիչների` Թել Ավիվ ուղևորվելու նպատակով Ադրբեջանում նրանց ունեցած ազատ տեղաշարժի կապակցությամբ` ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվել ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել իրանական կողմի բողոքի նոտան»: Իսկ մինչ այդ, իրանական «արաննյուզ.իռ» կայքն իր վերլուծական բաժնում, անդրադառնալով Ադրբեջանում ծավալավող հակաիրանական գործողություններին, մասնավորապես, գրել էր. «Ադրբեջանի կառավարության կապն ահաբեկչական «Փեժակ», «Մոնաֆեղին» և «ՊԿԿ» խմբավորումների հետ, ինչպես նաև նրա համագործակցությունը «Մոսսադի» և «ԿՀՎ»-ի հետ, որոնց ձեռքերը շաղաղված են իրանցի գիտնականների արյամբ, Ադրբեջանը վերածել են Կովկասի դավադրությունների սատանայական կենտրոնի»:

No comments: