Wednesday, February 29, 2012

Եվրամիության «ղարաբաղյան» որոշումը

«Լրագիր» 28-2-2012- Երեկ Եվրամիությունն աննախադեպ որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղի հարցով: Փետրվարի 27-ին Բրյուսելում ԵՄ արտաքին հարցերով խորհրդի նիստի արդյունքով հայտարարվել է, որ ԵՄ-ն պատրաստ է ակտիվ աջակցություն ցուցաբերել խաղաղության իրացման հետագա քայլերին օգնելու հարցում վստահությունն ամրապնդելու միջոցառումներին: Այդ կապակցությամբ ԵՄ-ն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջաններ ԵՄ ներկայացուցիչների ազատ հասանելիության անվերապահ ապահովման անհրաժեշտությունը: Խորհուրդը կոչ է անում ԵՄ գերագույն ներկայացուցչին եւ Եվրահանձնաժողովին ԵԱՀԿ հետ սերտ խորհրդատվությամբ մշակել Լեռնային Ղարաբաղի հետկոնֆլիկտային սցենարները որպես ԵՄ-ին հետագայում մասնակցելու հիմք: Հիշեցնենք, որ մինչ այժմ աշխարհում ոչ մի պետական կառույց Ղարաբաղում պաշտոնական անվերապահ հասանելիություն չունի: Ադրբեջանը բոլոր մակարդակներում դիմադրում է Ղարաբաղ պաշտոնական, հասարակական գործիչների եւ նույնիսկ մասնավոր անձանց այցին եւ չլսելու դեպքում «սեւ ցուցակ» է գցում: Չնայած լայն մանդատին՝ Ղարաբաղ չի կարողացել ժամանել նույնիսկ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Մի անգամ ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հասել է մինչեւ Գորիս, սակայն ինչ-որ զանգից հետո հետ է վերադարձել: ԵՄ որոշումը նշանակում է, որ այդ կառույցն այլեւս չի ընդունում Ադրբեջանի դիրքորոշումը որպես իր գործունեության հիմք: Դա նշանակում է, որ ԵՄ-ն որոշել է առավել անկախ եւ ինքնուրույն քաղաքականություն վարել ղարաբաղյան հարցում՝ առանց Բաքվի եւ Մոսկվայի կողմ նայելու: Ղարաբաղ ազատ մուտք ունեն միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ դաշտային ներկայացուցչության աշխատակիցները: ԼՂՀ-ում գործում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը, ներկայացված են նաեւ մի շարք արտասահմանյան հասարակական կազմակերպություններ: Ղարաբաղ են ժամանել նաեւ Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորները, ԱՄՆ կոնգրեսականները, ֆրանսիացի խորհրդարանականները, սակայն փորձել են անել դա ոչ աշխատանքային ժամանակ՝ այցերը ներկայացնելով որպես մասնավոր: Արդյո՞ք կփոխվի իրավիճակը ԵՄ որոշումից հետո: Եվ մտադի՞ր է ԵՄ-ն գրասենյակ բացել Ղարաբաղում, որի միջոցով կիրականացվեն «հետկոնֆլիկտային սցենարները»:

No comments: