Wednesday, February 29, 2012

Թուրք պաշտոնյաները մեկնաբանել են Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը

News.am. 29-2-2012- Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելուց հետո Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները իրար հերթ չեն տալիս մեկնաբանելու այդ որոշումը: Վերջին շրջանում իր հակահայկական հայտարարություններով հանդես եկող Թուրքիայի` ԵՄ-ի հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, թե Ֆրանսիայի որոշումը ուրախացնող է` շեշտելով, թե 1915-ի ուսումնասիրման համար պետք է աշխարհի երկրները բացեն արխիվները: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչն այս որոշումը մեկնաբանել է Twitter-ի միջոցով` շեշտելով, թե Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը լավ դաս տվեց ֆրանսիացի քաղաքական գործիչներին: Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Ֆրանսիան եվրոպական արժեքներին հարիր որոշում ընդունեց` նշելով, թե շնորհավորում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդին նման որոշում ընդունելու համար: Դավութօղլուն նշել է, թե չի կարծում, թե նմանատիպ նոր նախագիծ կներկայացվի Ֆրանսիայի խորհրդարան: Նշենք, որ փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կառավարությանը հանձնարարել է նոր օրինագիծ պատրաստել` հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը:

No comments: