Tert.am. 28-2-2012- Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը` պատճառաբանելով, որ այն հակասում է խոսքի ազատության իրավունքին: Այս մասին հաղորդում է անգլալեզու Aarmenianweekly.com կայքը:
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ին ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում): Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում և 45.000 եվրո տուգանք էր սպառնում։
Օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները, դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, հունվարի 31-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում էին ներկայացրել:
Մոտ մեկ ժամ առաջ, երբ Սահմանադրական խորհրդում դեռ շարունակվում էին քննարկումները, թուրքական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե Խորհուրդը չեղյալ է հայտարարել օրինագիծը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, սակայն, մեզ հետ զրույցում չհաստատեց այդ տեղեկությունը` նշելով, որ որոշումը հրապարկվելու է Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կարող էր ընդունել ստորև նշված որոշումներից մեկը.
1. Օրինագիծը համապատասխանում է Սահմանադրությանը. այս դեպքում Սարկոզիի կողմից ստորագրվելուց հետո այն օրենքի ուժ կստանա
2. Օրինագիծը մասամբ է համապատասխանում Սահմանադրությանը: Այս դեպքում օրինագիծը կվերադարձվի Ազգային ժողով՝ այն «բարեփոխելու» և Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար
3. Օրինագիծն ամբողջությամբ հակասահմանադրական է: Այս դեպքում օրինագիծն օրենքի ուժ չի ստանա, եթե, իհարկե, Ֆրանսիայի նախագահը չպնդի, որպեսզի հարցը դարձյալ Ազգային ժողով մտցվի (նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա)
Հավելենք միայն, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ օրինագծի չեղյալ հայտարարման դեպքում ինքը նոր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու:
Wednesday, February 29, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment